ԱՏՁՄ ասուլիս՝ ՏՏ ոլորտի ընկերությունների գործունեության վրա արտարժույթի արժեզրկման ազդեցության վերաբերյալ
Այսօր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գրասենյակում տեղի ունեցավ համատեղ ասուլիս ԱՏՁՄ վարչության անդամների և ՏՏ խոշոր ընկերությունների ղեկավարների կողմից։ Ասուլիսի թեման արտարժույթի արժեզրկման ազդեցությունն էր ՏՏ ոլորտի ընկերությունների գործունեության վրա և արձագանքը պետության կողմից ձեռնարկված քայլերին։
Ներկա էին ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, «ԼայմՏեխ» ՍՊԸ տնօրեն Գևորգ Սաֆարյանը, «ՎՕԼՕ» ՍՊԸ տնօրեն Արմեն Քոչարյանը, «Ինստիգեյթ» ՓԲԸ տնօրեն Արման Պողոսյանը, «Դատաարտ Հայաստան» ընկերության տնօրեն Արսեն Բաղդասարյանը, «Դևսոֆթ» ՍՊԸ տնօրեն Դավիթ Գրիգորյանը, «Էպամ» ՍՊԸ տնօրեն Բենիամին Գյուրջյանը, «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերության ներկայացուցիչ Սպարտակ Կյուրեղյանը։
Հիշեցնենք, որ սույն թվականի սեպտեմբերի 12-ից հանրային քննարկման է ներկայացվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Նախագծով առաջարկվող աջակցության տրամադրումը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի կազմակերպությունների, արտարժույթի արժեզրկման հետևանքով առաջացած որոշակի ռիսկերի մեղմացման, ինչպես նաև Հայաստանի այլ երկրների հետ արդյունավետ մրցակցելու հնարավորության պահպանման անհրաժեշտությամբ։
Հաշվի առնելով ներկայիս մարտահրավերները, երկրում ստեղծված իրավիճակը խիստ անհրաժեշտ է վերոնշյալ նախագծի օր առաջ ընդունումը, ինչը հնարավորություն կտա ոչ միայն պահպանել տեղական ՏՏ և ԲՏ ոլորտներում գործող ընկերությունների աշխատատեղերը, այլև կնպաստի մեր երկրի տեխնոլոգիական և անվտանգային թիկունքի ապահովմանը։ Յուրաքանչյուր ուշացում կամ անգործություն ներկայացվող նախագծի ընդունման վերաբերյալ արդեն իսկ հանգեցնում է անդառնալի հետևանքների, ուստի ԱՏՁՄ-ն կոչ է անում ՀՀ Կառավարությանը առաջիկա Կառավարության նիստում ընդունել վերոգրյալ նախագիծը։