ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ
ՀՀ կառավարությունը նոյեմբերի 10-ի իր նիստում հավանություն է տվել համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգին, որի համաձայն, հաշվի առնելով ինչպես միջազգային փորձը, այնպես էլ տեղական ինքնակառավարման զարգացման ընթացիկ մակարդակը` ենթադրվում է կիրառել կամավոր և պարտադիր ձևերի համակցված տարբերակը։ ՀՀ կառավարության գնահատմամբ` միայն համայնքների խոշորացման դեպքում է հնարավոր լուրջ և էական արդյունքների հասնել ռեսուրսների կենտրոնացման և դրանց արդյունավետ տնօրինման հարցերում։
Հայեցակարգը նախատեսում է ոլորտի բարեփոխումն սկսել Վայոց ձորի, շարունակել՝ Սյունիքի մարզերում։ Իրականացված բարեփոխման արդյունքների վերլուծության և գնահատման հիման վրա հնարավոր կլինի հանգել որոշակի եզրակացությունների, որոնք էլ կստեղծեն երկրի մասշտաբով այս քաղաքականությունն իրագործելու նախադրյալները։