ԿԱՐԵՎՈՐՎԵԼ Է ՀՀ-ԱՄԷ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի ղեկավարած պատվիրակությունը մարտի 29-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Մուհամմադ Ահմադ ալ–Մուրրի հետ:
ԱՄԷ Դաշնային խորհրդի նախագահը, ողջունելով ՀՀ ԱԺ նախագահի այցը Արաբական Միացյալ Էմիրություններ, հույս է հայտնել, որ այն իր նպաստը կունենա երկկողմ միջխորհրդարանական կապերի հետագա զարգացման գործում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ պարոն Նիկոյանը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի արաբական երկրների հետ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը եւ բարձր է գնահատում ԱՄԷ հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային ու միջազգային խնդիրների նկատմամբ:
Փոխադարձ գոհունակություն է հայտնվել երկու երկրների միջև առկա հարաբերությունների մակարդակի կապակցությամբ, ընդգծվել է միջխորհրդարանական հարաբերությունների սերտացմանն ու հետագա խորացմանն ուղղված քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: Այս առումով ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը՝ նշելով, որ Հայաստանում արդեն ձեւավորված է ՀՀ-ԱՄԷ բարեկամության խումբ:
Ի պատասխան, ԱՄԷ Դաշնային խորհրդի նախագահը հավաստիացրել է, որ իրենց Ազգային խորհրդում մոտ ապագայում բարեկամության այդպիսի խումբ կձեւավորվի նաեւ Հայաստանի հետ: Մ. Ա. Մուրրը եւս շեշտել է միջխորհրդարանական շրջանակներում փոխայցելությունների եւ հանդիպումների կազմակերպման կարեւորությունը, ինչը կնպաստի միջպետական հարաբերությունների հետագա խորացմանը:
Հատուկ կարեւորվել է առեւտրատնտեսական եւ զբոսաշրջության բնագավառներում հետագա համագործակցության խթանումը, ինչը կարեւոր գործոն է ժողովուրդների միջեւ շփումների ակտիվացման եւ փոխվստահության ամրապնդման հարցում:
ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է նաեւ Հայաստանի տարածաշրջանային նշանակություն ունեցող նախագծերը եւ հույս հայտնել, որ էմիրաթական կողմն իր մասնակցությունը կունենա ծրագրերի իրականացման գործում, հատկապես, որ դրանց շնորհիվ Ծոցի տարածաշրջանի երկրները ամենակարճ ճանապարհով ելք կունենան դեպի Սեւ ծով եւ Եվրոպա:
Պարոն Նիկոյանը ներկայացրել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս մակարդակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը, անդրադարձել է տարածաշրջանի այլ խնդիրների: