Հարավային Կորեան և Ուկրաինան նախնական վարկային համաձայնագիր են ստորագրել
Կորեայի Հանրապետության փոխվարչապետ Չու Գյոն Հոն և նրա ուկրաինացի գործընկեր Յուլիա Սվիրիդենկոն Սեուլում նախնական համաձայնագիր են ստորագրել Կիևին տնտեսական զարգացման համար ցածր տոկոսադրույքով վարկ տրամադրելու մասին։ Այս մասին հայտնել է Կորեայի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունը։
Վարկը կտրամադրվի Հարավային Կորեայի տնտեսական զարգացման և համագործակցության հիմնադրամի միջոցով։ Ակնկալվում է, որ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի երկու երկրներում իրավական ընթացակարգերի ավարտից և ստորագրման պաշտոնական արարողությունից հետո։ Կողմերը պայմանավորվել են համագործակցել նաև այլ նախագծերի ընտրության հարցում, որոնց համար ֆինանսավորում կհատկացվի։
Իր հերթին, Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ Կիևը Սեուլից կստանա մինչև 8 միլիարդ դոլար։ Վարկի ժամկետը կարող է լինել մինչև 40 տարի՝ տարեկան 0.15% տոկոսադրույքով:
Կորեայի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունը նշել է, որ հիմնադրամը վարկեր է տրամադրում զարգացող երկրներին՝ աջակցելու նրանց տնտեսական և արդյունաբերական զարգացմանը: