ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏ – ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՆԴՐԱԴԱՐՁ Է ԿԱՏԱՐԵԼ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ
Կառավարության ղեկավարը գոհունակությամբ է նշել, որ նախարարների գործուղման արդյունքները դրական են, որովհետեւ նաեւ աշխատավորական կոլեկտիվները գիտակցեցին, որ անտեսված չեն, նրանց կարծիքը հաշվի է առնվելու, եւ շատ խնդիրներ, որ բարձրացվում են նրանց կողմից, ուղղակի սոցիալական արդարության ապահովման խնդիրներ են: Վարչապետն ընդգծել է, որ այդ դժվարությունների բեռը հավասարաչափ պետք է կիսեն բոլոր կողմերը, այն չպետք է միայն ընկնի աշխատողների վրա` սեփականատերերն իրենց մասը պետք է վերցնեն, կառավարությունը` իր մասը, աշխատավորական կոլեկտիվը` իր: Տիգրան Սարգսյանի խոսքերով, վերջին երկու տարիների ընթացքում ընդհանրապես հանքային արդյունաբերությունը եղել է շահութաբեր, եւ ազգային վիճակագրական ծառայության կողմից կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ շահութաբերության մակարդակը այդ ոլորտում եղել է ամենաբարձրը ՀՀ-ում: Դա նշանակում է, որ ոլորտի սեփականատերերը այս դժվար երկու տարիների ընթացքում նույնպես ունեն անելիքներ: Համատեղ ջանքերով, վարչապետի համոզմամբ, հնարավոր կլինի այս բարդությունները հաղթահարել:
Նախարարների գործուղման հետ կապված, կառավարության ղեկավարը նաեւ ընդգծել է, թե հաջողվել է երկխոսություն կազմակերպել, եւ այսօր կա պրոբլեմների փոխադարձ ըմբռնում, ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք բավարարում են երկու կողմերին էլ. «Այս խնդիրը գտնվելու է մեր մշտական ուշադրության կենտրոնում: Հասկանալի է, որ սրանք ժամանակավոր դժվարություններ են: Այս պահի դրությամբ երեք խոշորագույն կոմբինատներում, որտեղ աշխատողների թիվը մոտավորապես 6 հազար է, «արբանյակ» ձեռնարկությունների հետ` շուրջ 10 հազար, ընդհանուր առմամբ, մարզում մենք ունենալու ենք լուրջ խնդիր, քանի որ պաշտոնապես 25 հազար գրանցված աշխատողներից շուրջ 10 հազարի աշխատանքը պայմանավորված է այս երեք խոշոր ձեռնարկությունների աշխատանքով: Դրանցից 6 հազարը անմիջական կոմբինատներում են, եւ շուրջ 200 ձեռնարկություն էլ զբաղված է սպասարկմամբ: Հասկանալի է, որ մենք օպերատիվ միջոցառումներ ենք իրականացնելու լրացուցիչ աշխատատեղեր ստեղծելու, ներդրումների ներգրավման առումով, խթանելու ենք նոր բիզնես-ծրագրերը: Նաեւ չափազանց կարեւոր է, որպեսզի երեք կոմբինատների սեփականատերերի հետ հստակ ծրագրեր մշակվեն, որոնք ապահովելու են աշխատանքներ, վերապատրաստման դասընթացներ, մինչեւ որ համաշխարհային շուկաներում գները կվերականգնվեն, եւ այս ոլորտները նորից դառնան տնտեսապես շահավետ: Հասկանալի է, որ դա անխուսափելիորեն լինելու է: Երբ համաշխարհային տնտեսության մեջ տնտեսական անկումը կդադարի, հասկանալի է, որ հումքի գները փուլ առ փուլ կբարձրանան, բայց այդ ժամանակահատվածում մենք պարտավոր ենք սեփականատերերի, աշխատավորական կոլեկտիվների հետ միասին մշտապես լինել երկխոսության մեջ եւ մշակել այնպիսի ծրագրեր, որոնք երկկողմանի հասկանալի են լինելու, առաջին հերթին` հենց այդ 10 հազար աշխատողներին»: