ԱՄՆ-Ն ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՋԱԿՑԵԼ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն տիկին Քարեն Հիլլարդին և ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի Կովկասի գյուղատնտեսության զարգացման ծրագրի համակարգող Լորենս Բարբիերիին:
Հանդիպման ժամանակ նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության իրավիճակն ու զարգացման միտումները` անկախությունից հետո ընկած ժամանակահատվածում:
Շնորհակալություն հայտնելով ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը ցուցաբերած շարունակական օգնության համար՝ նախարարը, մասնավորապես, նշել է. «Հատկապես ցանկանում եմ առանձնացնել վերամշակող ճյուղի զարգացման ուղղությամբ ամերիկյան կողմի ցուցաբերած մեծ ու արդյունավետ աջակցությունը: Եվ եթե այսօր մենք տարածաշրջանում ամենազարգացած սննդարդյունաբերությունն ու վերամշակող արտադրությունն ունենք, դա նաև նշված օգնության արդյունքն է»:
Տիկին Հիլլարդը նշել է, որ տպավորված է Հայաստանի գյուղատնտեսության ներկայացված պատկերով: Ամերիկյան երկու կազմակերպությունները` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և ԱՄՆ գյուղդեպարտամետը Հայաստանում այսուհետ կգործեն փախհամաձայնեցված 5-ամյա ռազմավարական ծրագրով, և այստեղ հատկապես կարևոր է սերտ համագործակցության համակարգումը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ:
Անդրադառնալով 5-ամյա համագործակցության ծրագրին` պարոն Բարբիերին, մասնավորապես, առանձնացրել է ամերիկյան կողմից ցուցաբերվելիք գիտական, տեխնոլոգիական արժեշղթայի ճշգրտման և մարքեթինգային ուսումնասիրությունների անհրաժեշտությունը:
Կողմերը մեկ անգամ ևս հավաստել են իրենց պատրաստակամությունը առավել սերտ համագործակցելու և Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանն ուղղված նոր ծրագրերի իրականացման գործում: