ԿՈՐԵԱԿԱՆ CORE CROSS ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱ
Կորեական «Core Cross» ընկերությունը, որը զբաղվում է տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների արտադրությամբ և ունի հաջող փորձ աշխարհի տարբեր երկրներում, շահագրգռված է գործունեություն ծավալել նաև մեր երկրում: Այսօր՝ նոյմեբերի 9-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ կայացած հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրել է «Core Cross» ընկերության նախագահ Խուան Ջին Սուին:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՏՏ ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության գերակայություններից է, և Հայաստանը հետաքրքրված է ոլորտում առաջատար ընկերությունների հետ համագործակցությամբ:
Զրուցակիցները քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման, մասնավորապես, ազատ տնտեսական գոտում ներդրումներ կատարելու հեռանկարները: Կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել ընկերության կողմից բիզնես-ծրագրի մշակումը և հանձնարարել Էկոնոմիկայի նախարարին մանրամասն տեղեկատվություն տրամադրել Հայաստանում ազատ տնտեսական գոտիների վերաբերյալ: