Թուրքիան և Ադրբեջանը երկարաձգել են գազային համաձայնագիրը մինչև 2030 թվական
Թուրքիան և Ադրբեջանը համաձայնագրեր են ստորագրել ադրբեջանական գազի Եվրոպա և Թուրքիա մատակարարման ժամկետը մինչև 2030 թվականի վերջ երկարացնելու մասին: Այս մասին Բաքու կատարած այցից հետո հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը:
«Բաքու կատարած մեր այցի ընթացքում մենք նոր քայլեր ձեռնարկեցինք բնական գազի մատակարարման համաձայնագրի շուրջ, որը ստորագրել ենք անցյալ ամիս Ստամբուլում Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարի հետ: BOTA-ի և SOCAR-ի միջև ստորագրված չորս համաձայնագրերի շնորհիվ ադրբեջանական գազը կփոխադրվի Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա և Նախիջևան: Մենք նաև համաձայնագիր ենք ստորագրել BOTA-ի և AGSC-ի միջև բնական գազի մատակարարման պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին, որն ավարտվում էր այս տարի»,- գրել է թուրք պաշտոնյան X-ի իր միկրոբլոգում: