Ֆինանսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 388.50+0.50
EUR BUY - 427.00+0.00 EUR SELL - 431.00-0.75
OIL:  BRENT - 73.65+0.34 WTI - 70.78-0.18
COMEX:  GOLD - 2588.90-0.51 SILVER - 30.69-0.42
COMEX:  PLATINUM - 978.70-0.41
LME:  ALUMINIUM - 2536.50+0.32 COPPER - 9400.50+0.11
LME:  NICKEL - 16233.00-0.31 TIN - 31594.00-1.05
LME:  LEAD - 2037.50-0.05 ZINC - 2886.00-2.04
FOREX:  USD/JPY - 143.24+1.29 EUR/GBP - 1.1115-0.09
FOREX:  EUR/USD - 1.1115-0.09 GBP/USD - 1.3203+0.32
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 41503.10-0.25 NASDAQ - 17573.30-0.31
STOCKS US: S&P 500 - 5618.26-0.29
STOCKS JAPAN:  NIKKEI - 37155.33+2.13 TOPIX - 2616.87+2.01
STOCKS CHINA:  HANG SENG - 18013.16+2.00 SSEC - 2736.02+0.69
STOCKS EUR:  FTSE100 - 8253.68-0.68 CAC40 - 7444.90-0.57
STOCKS EUR:  DAX - 18711.49-0.08
19/09/2024  CBA:  USD - 387.75+0.66 GBP - 515.44+4.06
19/09/2024  CBA:  EURO - 433.23+2.40
19/09/2024  CBA:  GOLD - 32040.02-0.85 SILVER - 381.35-0.47
Կենտրոնական բանկի խորհուրդը իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 7.50%
10/09/2024 15:59
Կիսվել

Կենտրոնական բանկի խորհուրդը իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 7.50%

2024 թվականի սեպտեմբերի 10-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.50%: Խորհուրդը գնահատում է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4% մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար:

2024 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը շարունակել է պահպանվել նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ օգոստոսին կազմելով 1.3%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս պահպանվել է ցածր մակարդակում՝ հուլիսին կազմելով 0.3%:

2024 թ-ի երրորդ եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են: Համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել, սակայն գործընկեր երկրներում կոշտ գներով բնութագրվող ապրանքների և ծառայությունների գները դեռևս մնում են հարաբերականորեն բարձր: Տարեսկզբից Մերձավոր Արևելքում ստեղծված աշխարհաքաղաքական խնդիրները, ինչպես նաև միջազգային առևտրային հարաբերություններում աճող լարվածությունը որոշակի ռիսկեր են առաջացրել առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման և միջազգային ապրանքահումքային շուկայում գների տատանողականության ավելացման տեսանկյունից: Միաժամանակ գործընկեր երկրներում աշխատաշուկայի պայմանների որոշակի թուլացումը վկայում է պահանջարկի միջավայրի կայունացման միտումների մասին: Այս համատեքստում հավանական է, որ գործընկեր երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կդիտարկեն դրամավարկային պայմանների աստիճանական թուլացում՝ դեռևս պահպանելով զսպող դիրքը: Արդյունքում՝ արտաքին հատվածից թույլ գնանկումային ազդեցությունները ՀՀ տնտեսության վրա կպահպանվեն:

2024 թ-ի երրորդ եռամսյակում Հայաստանում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն, որին մեծապես նպաստել է շինարարության և առևտրի ճյուղերի զգալի աճը: Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաև ներքին պահանջարկի և սպառման հետագա միտումների վերաբերյալ: Ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը 2023 թ-ի համեմատությամբ դանդաղում է, իսկ հարկաբյուջետային քաղաքականության կողմից պահանջարկի լրացուցիչ խթանման ռիսկերը շարունակում են մնալ առարկայական։ Միաժամանակ, աշխատաշուկայի պայմանները որոշակիորեն մեղմվում են՝ արտահայտվելով աշխատավարձերի և կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի որոշակի կայունացմամբ:

Բարձր անորոշության պայմաններում, հաշվի առնելով գների կայունության նպատակին հասնելու իր հանձնառությունը, Խորհուրդն իր քննարկումների ընթացքում դիտարկում է բազմաթիվ սցենարներ: Մի կողմից, Խորհուրդը քննարկել է սցենարներ, որոնց հիմքում ընկած զարգացումները, այդ թվում՝ երկրի ռիսկի հավելավճարի և չեզոք տոկոսադրույքի հետ կապված անորոշությունները պահանջում են քաղաքականության՝ շուկայական սպասումների համեմատությամբ ավելի կոշտ արձագանք՝ գների կայունության նպատակի ապահովման նպատակով։ Մյուս կողմից, Խորհուրդը քննարկել է սցենարներ, որտեղ հնարավոր տնտեսական զարգացումները, այդ թվում՝ աշխատաշուկայի պայմանների հնարավոր թուլացմամբ ուղեկցվող թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման ռիսկերը կարող են հանգեցնել գնաճի՝ ցածր մակարդակում երկար պահպանմանը: Վերջինս ենթադրում է քաղաքականության տոկոսադրույքի՝ շուկայի սպասումների համեմատությամբ ավելի արագ և մեծ չափով նվազման ուղի՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճը նպատակային ցուցանիշի շուրջ կայունացնելու համար:

Արդյունքում՝ հավասարակշռելով վերը նշված երկու ուղղությամբ ռիսկերը՝ ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց շարունակել տոկոսադրույքների՝ դանդաղ տեմպերով աստիճանական նվազեցումը։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկելու համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4% մակարդակի և գների կայունության նպատակի ապահովման համար:

Տնտեսական իրավիճակի ամփոփագիր 

Համաշխարհային տնտեսություն

2024 թ. 3-րդ եռամսյակում, չնայած գործընկեր երկրներում արձանագրված ոչ միանման տնտեսական զարգացումներին, համաշխարհային տնտեսությունում, ընդհանուր առմամբ, պահպանվել են ակտիվության դանդաղման ռիսկերը: ԱՄՆ-ում տնտեսության հիմնարարների շուրջ անորոշությունը պահպանվում է: Այսպես՝ մի կողմից, չնայած վերջին եռամսյակների ընթացքում ԱՄՆ-ում քաղաքականության տոկոսադրույքի բարձր մակարդակներում պահպանմանը, հիմնականում ներքին պահանջարկի գործոններով պայմանավորված տնտեսական աճը մնում է բարձր: Զուգահեռաբար, թեև գնաճը դանդաղում է, հիմնարար գնաճը բնութագրող ցուցանիշները, այդ թվում՝ կոշտ գներով բնութագրվող ապրանքների գնաճը և աշխատավարձերի աճը դեռևս պահպանվում են թիրախային մակարդակներից բարձր: Վերջինս որոշակի մարտահրավեր է դրամավարկային մարմինների համար՝ գնաճը վերջնականապես թիրախին մոտեցնելու և գների կայունության ապահովման հանձնառության տեսանկյունից: Մյուս կողմից՝ ԱՄՆ-ում պահպանվող ֆինանսական խիստ պայմանները և ավելցուկային խնայողությունների նվազումը սպառման կտրուկ դանդաղման ռիսկեր են պարունակում: Ավելին, առավելագույն զբաղվածության ապահովման հանձնառության համատեքստում, աշխատաշուկայի պայմանների թուլացումը կարող է ենթադրել ԱՄՆ-ի ԴՊՀ ավելի մեծ պատրաստակամություն քաղաքականության դիրքի թուլացման տեսանկյունից: Այս պարագայում, հաշվի առնելով տնտեսության ֆինանսական հատվածի խոցելիության և մյուս կողմից՝ դեռևս բարձր սպառման և պահանջարկի պայմանների պահպանման ռիսկերը՝ առաջիկայում հիմնական անորոշությունը վերաբերում է քաղաքականության դիրքի թուլացման չափերին և ոչ թե ուղղությանը: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ում պահպանվում են միջնաժամկետ չեզոք տոկոսադրույքի հետ կապված անորոշությունները, ինչն իր ազդեցությունը կարող է ունենալ ինչպես ԱՄՆ-ի ԴՊՀ քաղաքականության ապագա ուղեգծի, այնպես էլ երկարաժամկետ տոկոսադրույքների ու զարգացող երկրներում կապիտալի հոսքերի վրա:

Եվրոպական կենտրոնական բանկը 2024 թ. հունիսին որոշեց նվազեցնել քաղաքականության տոկոսադրույքը 25 բազիսային կետով, իսկ հուլիսին՝ թողնել անփոփոխ: Այնուամենայնիվ, Եվրոգոտում գնաճային միջավայրի լիարժեք թուլացման հստակ նշանները բացակայում են։ Եվրոգոտում ծառայությունների ոլորտի աճը նպաստել է տնտեսական ակտիվության վերականգնմանը, սակայն տնտեսական աճի դանդաղման ռիսկերը դեռևս պահպանվում են՝ հաշվի առնելով Եվրոգոտու առանցքային երկրներում արդյունաբերության, հատկապես մշակող արդյունաբերության ոլորտներում հիմնարարների հետ կապված կառուցվածքային խնդիրները: Եվրոգոտում տնտեսական աճի դանդաղման հետ կապված ռիսկերը, ինչպես նաև Չինաստանում անշարժ գույքի շուկայի և ֆինանսական համակարգի կայունության վերաբերյալ մտահոգությունները շարունակում են մնալ համաշխարհային տնտեսության ավելի թույլ հեռանկարների վերաբերյալ հիմնական անորոշության աղբյուրները:

ՌԴ տնտեսությունում տնտեսական աճը և ներքին պահանջարկը շարունակում են պահպանվել բարձր մակարդակներում՝ նպաստելով գնաճային բարձր միջավայրի ձևավորմանը: Այս համատեքստում 2024 թ. հուլիսին Ռուսաստանի ԿԲ-ն բարձրացրեց քաղաքականության տոկոսադրույքը 200 բազիսային կետով։ Միևնույն ժամանակ, ավելի խիստ և թիրախավորված արևմտյան պատժամիջոցները շարունակում են որոշակի ռիսկեր պարունակել ՌԴ տնտեսության միջնաժամկետ հեռանկարի տեսանկյունից: Համաշխարհային ապրանքահումքային շուկաներում թույլ համաշխարհային պահանջարկի պայմաններում ցածր գնաճային միջավայրը պահպանվում է՝ չնայած առկա են ընդլայնման ուղղությամբ ռիսկեր: Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական լարվածության պահպանումը շարունակում է նավթի համաշխարհային գների հնարավոր աճի և տատանողականության ավելացման, ինչպես նաև համաշխարհային արժեշղթաների հնարավոր խաթարման ռիսկեր պարունակել: Միաժամանակ, պարենային ապրանքների համաշխարհային գները պահպանվում են նախորդ տարիների համեմատությամբ ցածր մակարդակներում:

Ներքին պահանջարկի պայմաններ

2024 թ. 2-րդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը պահպանվել է երկարաժամկետ կայուն աճի գնահատականից (5%-ի շրջանում) բարձր մակարդակում՝ կազմելով տ/տ 6.4%: Աճին շարունակել են մեծ նպաստում ունենալ շինարարության, առևտրի և ֆինանսական ծառայությունների ճյուղերը: Միաժամանակ, նախորդ եռամսյակների տնտեսական աճը էականորեն վերանայվել է դանդաղման ուղղությամբ՝ հիմնականում պայմանավորված մշակող արդյունաբերության ճյուղում ավելացված արժեքի վերագնահատմամբ: Դեռևս ներուժային մակարդակից բարձր, ինչպես նաև որոշակիորեն կենտրոնացված տնտեսական աճը անորոշություններ է պարունակում տնտեսությունում համախառն առաջարկի և պահանջարկի հարաբերական դիրքի վերաբերյալ:

2022 թ-ից դիտարկվող բարձր արտաքին պահանջարկը 2024 թ-ին աստիճանաբար թուլանում է, ինչն արտահայտվում է մեկ զբոսաշրջիկի հաշվով իրական ծախսերի նվազմամբ և զբոսաշրջային հոսքերի կայունացմամբ: Համաշխարհային պահանջարկի թուլացման ֆոնին ՏՏ ծառայությունների արտահանումը և թողարկումը շարունակել են նվազել՝ բարձր արտադրողական օտարերկրյա աշխատուժի որոշակի արտահոսքի պայմաններում։ Մյուս կողմից՝ «ավանդական» ապրանքատեսակների արտահանումը, այդ թվում՝ կոնյակ, ծխախոտ, հանքային ջուր և այլն, պահպանվում է կայուն մակարդակում։ Միաժամանակ, ներքին պահանջարկի պայմանների վերաբերյալ անորոշությունը պահպանվում է: Մի կողմից՝ մանրածախ առևտրի, սպառողական վարկերի, ներքին զբոսաշրջության և ծառայությունների բարձր աճերը վկայում են ուժեղ ներքին պահանջարկի մասին: Այս համատեքստում սպառողական վարկերի տոկոսադրույքները պահպանվում են համեմատաբար բարձր մակարդակում՝ արտահայտելով վերջինիս նկատմամբ բարձր պահանջարկը: Մյուս կողմից՝ դեռևս որոշակիորեն կենտրոնացված տնտեսական աճը, դրամական փոխանցումների շարունակական նվազումը, աշխատաշուկայի պայմանների որոշակի թուլացումը և ընդհանուր թույլ գնաճային միջավայրը կարող են վկայել համեմատաբար թույլ պահանջարկի միջավայրի մասին: Անորոշություններ կան նաև ներքին պահանջարկի հեռանկարի տեսանկյունից. մի կողմից՝ կապված նախորդ տարիներին մասնավոր հատվածում եկամուտների համեմատությամբ պարտքի բեռի նվազման, կուտակված խնայողությունների օգտագործման ուղղությունների, մյուս կողմից՝ մասնավոր աշխատավարձերի աճի դանդաղման, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային գործոններով պայմանավորված անորոշության մեծացման հետ: Այս իրավիճակում խնայողությունների օգտագործման ուղղությունից և վարկավորման զարգացումներից կախված՝ համախառն առաջարկի և պահանջարկի վրա ազդեցությունը կարող է տարբեր լինել: Հարկաբյուջետային քաղաքականության կողմից պահանջարկի լրացուցիչ խթանման հնարավոր ռիսկերը ևս մնում են առարկայական: Դա հիմնականում պայմանավորված է հարկային եկամուտների ծրագրի թերակատարման և, դրան զուգահեռ, սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ընթացիկ ծախսերի հնարավոր ավելացման ռիսկերով:

Աշխատանքի շուկա և գնաճ

Վերջին ամիսների ընթացքում աշխատանքի շուկայի պայմանները շարունակել են թուլանալ: Ըստ տնային տնտեսությունների աշխատուժի վերաբերյալ 2024 թ. 1-ին եռամսյակում անցկացված հետազոտության արդյունքների` գործազրկության մակարդակն աճել է՝ կազմելով 15.5%: Հաշվի առնելով գործազրկության մակարդակի շուրջ առկա անորոշությունները՝ կարևոր է մշտադիտարկել վերջինից բխող հնարավոր սցենարային հետևանքները։ Մի կողմից՝ վերջինս կարող է մեկնաբանվել որպես տնտեսությունում պահանջարկի պայմանների թուլացման և ճշգրտման գործոն՝ հաշվի առնելով, որ գործազրկության մակարդակի մեծացումը տեղի է ունեցել ոչ թե աշխատուժի առաջարկի էական ավելացման, այլ զբաղվածների նվազման հաշվին: Մյուս կողմից՝ պաշտոնապես գրանցված աշխատողների թիվը (ըստ ՊԵԿ տվյալների բազայի) շարունակել է աճել: Սա կարող է վկայել տնտեսությունում աշխատանքի շուկայի ավելի խիստ պայմանների առկայության մասին՝ տնային տնտեսությունների աշխատուժի հետազոտության արդյունքների համեմատությամբ: Այս համատեքստում, որպես այլընտրանքային մեկնաբանություն, գրանցված աշխատողների թվի աճը կարող է ենթադրել աշխատանքի շուկայի ստվերային հատվածի աստիճանական նվազում և ֆորմալ զբաղվածության աճ:

Վերջին ամիսներին մասնավոր աշխատավարձերի աճի շարունակական դանդաղումը ևս տնտեսությունում աշխատանքի շուկայի պայմանների թուլացման կարևոր ազդակ է: Այսպես, 2024 թ. հուլիսին մասնավոր աշխատավարձերի աճը շարունակել է դանդաղել՝ կազմելով տ/տ 4.1%, ինչը վկայում է աշխատաշուկայից եկող ճնշումների էական թուլացման կամ չեզոքացման մասին: Միջնաժամկետում ու երկարաժամկետում աշխատաշուկայի պայմանների և շուկայից բխող գնաճային ճնշումների հետագա թուլացման աղբյուր կարող է լինել նաև աշխատուժի առաջարկի հնարավոր լրացուցիչ ավելացումը: Այստեղ հիմնական անորոշությունը կապված է ՀՀ աշխատաշուկային ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության ինտեգրման արագության, ինչպես նաև դեպի ՌԴ ՀՀ աշխատանքային միգրանտների հոսքի նվազման և ներքին տնտեսությունում աշխատանքի շուկային մասնակցության հնարավորության հետ: Մյուս կողմից՝ վերջին ամիսներին նկատվում է ՀՀ աշխատաշուկայում ոչ ռեզիդենտ զբաղվածների թվի որոշակի նվազում: Նմանատիպ միտումների պահպանումը կամ արագացումը կարող է բացասական հետևանքներ ունենալ ինչպես տնտեսությունում աշխատուժի առաջարկի, այնպես էլ ներուժային ՀՆԱ-ի վրա:

2024 թ. երկրորդ եռամսյակում տնտեսությունում թույլ գնաճային միջավայրը պահպանվել է՝ պայմանավորված համաշխարհային տնտեսությունից փոխանցվող թույլ գնանկումային ազդեցու-թյուններով, ինչպես նաև համախառն պահանջարկի կայունացմամբ: Այս իրավիճակում 2023 թվականի ապրիլից 12-ամսյա գնաճը պահպանվել է թիրախից ցածր մակարդակում՝ 2024 թվականի օգոստոսին կազմելով 1.3%: Հարաբերականորեն կոշտ գներով բնութագրվող ոչ արտահանելի ապրանքների գնաճը, որը հիմնականում բնութագրում է ներքին պահանջարկով պայմանավորված գների վարքագիծը, պահպանվել է համեմատաբար կայուն մակարդակում՝ հուլիսին կազմելով տ/տ 2.4%: Զուգահեռաբար, արտաքին պահանջարկի հետ կապված ծառայությունների գնաճը շարունակել է նվազել՝ արտահայտելով պահանջարկի աճի դանդաղման միտումները: Այնուամենայնիվ, տնային տնտեսությունների գնաճային սպասումների հետ կապված բարձր անորոշությունները դեռևս պահպանվում են:

Դրամավարկային քաղաքականություն

ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ շուկայի մասնակիցների սպասումները, նախորդ հարցումների համեմատությամբ, որոշակիորեն ճշգրտվել են ներքևի ուղղությամբ և արտահայտում են առաջիկա 8 որոշումների ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքի աստիճանական նվազման ուղեգիծը: Եկամտաբերության կորի կարճ հատվածը քաղաքականության տոկոսադրույքի նախորդ որոշումներից հետո որոշակիորեն տեղաշարժվել է ներքև, իսկ երկարաժամկետ հատվածը մնացել է կայուն։ Միաժամանակ, ըստ ԿԲ գնահատման, եկամտաբերության կորի ընթացիկ ցուցանիշներում, բացի տոկոսադրույքի վերաբերյալ շուկայի սպասումներից, գնանշված են ռիսկի տարբեր գործոններ:

Ի տարբերություն այլ զարգացող երկրներում արձանագրվող երկրի ռիսկի հավելավճարի էական նվազումներին՝ Հայաստանում երկրի ռիսկի հավելավճարը տարվա սկզբից պահպանվում է համեմատաբար կայուն, ցածր մակարդակում՝ վերջին շաբաթների ընթացքում դրսևորելով աճի միտումներ։ Վերջինս արտացոլում է ՀՀ-ին և տարածաշրջանին բնորոշ առանձնահատկությունները, այդ թվում՝ սահմանային լարվածության, տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումների և այլ գործոնների վերաբերյալ անորոշությունները։ Այս համատեքստում երկրի ռիսկի հավելավճարի՝ վերևի ուղղությամբ հնարավոր վերագնահատումը ռիսկեր է պարունակում չեզոք տոկոսադրույքի դեպի վերև վերանայման տեսանկյունից, ինչը, այլ հավասար պայմաններում, առավել խթանող ԴՎՔ դիրքի պայմաններում պարունակում է առավելապես գնաճային ռիսկեր: Միևնույն ժամանակ, ՀՀ մակրոտնտեսական կայունությունը և բարձր տնտեսական աճը որոշակի դրական նախադրյալներ են երկրի ռիսկայնության հնարավոր վերագնահատման և չեզոք տոկոսադրույքի նվազման տեսանկյունից:

ՀՀ ԿԲ-ն, առկա անորոշություններից բխող հնարավոր ռիսկերը կառավարելու նպատակով, կառուցում և դիտարկում է տնտեսական իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ: Սույն զեկույցում ներկայացված տիպային Ա սցենարի (որը պահանջում է քաղաքականության տոկոսադրույքի՝ շուկայի սպասումների համեմատությամբ ավելի բարձր ուղեգիծ) հիմքում այն դատողություններն են, որ ՀՀ երկրի ռիսկի հավելավճարը որոշակիորեն զսպված է իր հիմնարար արժեքից, և հնարավոր են դեպի երկարաժամկետ կայուն մակարդակ արագ ճշգրտման ռիսկեր՝ պայմանավորված տարածաշրջանային լարվածության և աշխարհաքաղաքական զարգացումների հետ կապված անորոշությունների պահպանմամբ: Ռիսկի հավելավճարի արագորեն ճշգրտման պարագայում դեռևս խոցելի մակրոտնտեսական միջավայրում հնարավոր են ֆինանսական շուկաներում տատանողականության ավելացման և գնաճային սպասումների ապախարսխման դրսևորումներ: Այս պարագայում ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության ուղին կարող է ունենալ շուկայի սպասումների համեմատությամբ ավելի խիստ դիրք՝ հաշվի առնելով ՀՀ ռիսկի հավելավճարի և չեզոք տոկոսադրույքի դեպի վերև ճշգրտումները:

Սույն զեկույցում ներկայացված տիպային Բ սցենարի (որը պահանջում է քաղաքականության տոկոսադրույքի՝ շուկայի սպասումների համեմատությամբ ավելի ցածր ուղեգիծ) հիմքում ընկած են ներքին տնտեսությունում բացասական պահանջարկի միջավայրի զարգացման հետ կապված հնարավոր ռիսկերը: Մասնավորապես՝ վերջին ամիսների ընթացքում արձանագրվող գործազրկության մակարդակի աճը, մասնավոր աշխատավարձերի աճի դանդաղումը և թույլ գնաճային միջավայրի պահպանումը համախառն պահանջարկի թույլ պայմանների ձևավորման ու շարունակման ռիսկեր են պարունակում: Վերոնշյալ զարգացումները միջնաժամկետում կարող են պարունակել գնանկումային էական ազդեցությունների ձևավորման ու պահպանման հավելյալ ռիսկեր: Նման իրավիճակում ԿԲ-ն կնախընտրի շուկայի սպասումների համեմատությամբ քաղաքականության տոկոսադրույքի առավել կտրուկ նվազման ուղի՝ միջնաժամկետում պահանջարկը խթանելու և գնաճը թիրախին մոտեցնելու նպատակով:

Ընթացիկ ժամանակահատվածին բնորոշ հիմնարար ռիսկերի և անորոշությունների պայմաններում, հնարավոր ռիսկերի խելամիտ կառավարման նպատակով, ՀՀ ԿԲ-ն կառուցում և դիտարկում է բազմաթիվ սցենարներ: Քաղաքականությանը վերաբերող քննարկումների, ինչպես նաև սցենարների նկարագրված ռիսկերի հաղորդակցման նպատակով առավել մանրամասն դիտարկվել են տիպային երկու սցենարներ: Տիպային այս սցենարները չեն ներկայացնում ամենահավանական ապագան, չեն կարևորում և որոշակի հավանականություն վերագրում հիմնական արդյունքներին, ինչպես նաև ամբողջությամբ չեն ամփոփում տնտեսությանը բնորոշ բոլոր ռիսկերն ու անորոշությունները:

19/09/2024
դրամ
Դոլար (USD)
387.75
+0.66
Եվրո (EUR)
433.23
+2.40
Ռուբլի (RUR)
4.17
-0.04
Լարի (GEL)
142.42
-0.17
32040.02
-0.85
Արծաթ
381.35
-0.47