40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում շահառուների որոշակի խմբի համար դիմումները կրկին ընդունվում են
Արցախից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք հանդիսացել են Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շահառու (ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշում) և 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ չեն ստացել հավաստագիր՝ արդեն իսկ կարող են դիմում ներկայացնել կեցության և այլ ծախսերը հոգալու համար նախատեսված 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից օգտվելու համար։
Դիմումներն ընդունվում են առցանց եղանակով։
Դիմումի մուտքագրման քայլերի հաջորդականության ուղեցույցը՝ ստորև․
ՔԱՅԼ 1․ Անհրաժեշտ է մուտք գործել https://rent.socservice.am հղմամբ։
ՔԱՅԼ 2․ «Անձնական տվյալներ» բաժնում նախ անհրաժեշտ է լրացնել անձը հաստատող փաստաթղթի համարը կամ հանրային ծառայությունների համարանիշը։ Ապա պետք է նշել շահառուի անունը, ազգանունը և սեղմել կանաչով նշված կոճակը՝ անձնական տվյալների նույնականացման համար։ Եթե տվյալ անձը բավարարում է ծրագրի պարտադիր պայմաններին, ապա համակարգն ինքնաշխատ եղանակով կնույնականացնի դիմումատուի տվյալները։
ՔԱՅԼ 3․ Այնուհետև անհրաժեշտ է մուտքագրել հեռախոսի համարը, և էլեկտրոնային փոստի հասցեն․ «Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ» դաշտում փաստաթղթի տեսակը ու համարը կարտացոլվեն ինքնաշխատ եղանակով։
ՔԱՅԼ 4․ «Փաստացի բնակության հասցե» հատվածում անհրաժեշտ է նշել մարզը, համայնքը, բնակավայրը, փողոցը, կառույցի տեսակը (առանձնատուն, բնակարան, այլ) կառույցի համարը․ ըստ անհրաժեշտության՝ բնակարանի համարը և փոստային դասիչը։
ՔԱՅԼ 5․ «Իմ բանկային տվյալները» դաշտում անհրաժեշտ է ընտրել Ձեզ սպասարկող բանկն ու լրացնել բանկային քարտի 16 նիշ ունեցող համարը։
ՔԱՅԼ 6․ Հաջորդ քայլով անհրաժեշտ է նշել ունեք արդյոք անչափահաս երեխա, թե ոչ։ Եթե չի լրացել Ձեր երեխայի 18 տարեկանը, անհրաժեշտ է սեղմել այո և լրացնել իր մասին պահանջվող տեղեկատվությունը։
Ըստ անհրաժեշտության՝ համակարգը կառաջարկի «կցել փաստաթուղթ» կոճակը, որտեղ պետք է կցել երեխայի ծննդյան վկայականը, խնամակալության կամ հոգաբարձության դեպքում՝ այդ մասին հավաստող փաստաթուղթը։ Եթե դիմումատուն չի հանդիսանում երեխայի ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն, ապա դիմումը չի հաստատվի։
ՔԱՅԼ 7․ Դիմումին ընթացք տալու համար պարտադիր է ընտրել «Համաձայն եմ» կամ «Համաձայն չեմ» տարբերակներից որևէ մեկը հետևյալ հարցի համար՝ «Համաձայն եմ ներկայացված տվյալները տրամադրել ԱՍՀՆ հետ համագործակցող երրորդ կողմին՝ Արցախից տեղահանված անձանց սոցիալական աջակցություն ստանալու նպատակով», ինչպես նաև կատարել համապատասխան նշում «Հավաստում եմ, որ իմ կողմից ներկայացված տվյալները հավաստի են» դաշտում։
ՔԱՅԼ 8․ «ՀԱՍՏԱՏԵԼ» կոճակ։
Դիմումը մուտքագրելուց հետո կնշվի, որ այն հաջողությամբ ընդունվել է և էկրանին կերևա դիմումի համարը։
ԿԱՐԵՎՈՐ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ․
անչափահաս երեխայի համար դիմումը պետք է լրացնի ծնողը (խնամակալը կամ հոգաբարձուն),
*-ով նշված դաշտերում տվյալների մուտքագրումը պարտադիր է։
Նույնականացման տվյալներն անհրաժեշտ է լրացնել անձը հաստատող փաստաթղթի տվյալներին համապատասխան։