«ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ 40 ՕՐԸ» ՎԵՊԻ 80-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և ՀՀ Ազգային գրադարանը կազմակերպում են ցուցադրություն` նվիրված Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» հռչակավոր վեպի առաջին հրատարակության ութսունամյակին:
«Մուսա լեռան քառասուն օրը» պատմավեպը, որը նկարագրում է Մեծ Եղեռնի տարիներին կիլիկիահայության գոյամարտի հերոսական դրվագներից մեկը, որի արդյունքում և ֆրանսիական ռազմանավերի շնորհիվ վերահաս բնաջնջումից հրաշքով փրկվեց ավելի քան չորս հազար մարդ, իրավամբ համարվում է կոթողային մի ստեղծագործություն, որի բովանդակությունը մեկ գեղարվեստական ստեղծագործության սահմաններում լիարժեքորեն ներկայացնում է Հայոց ցեղասպանության սարսափներն ու ինքնապահպանության համար մղված պայքարը:
Ազգային գրադարանում ներկայացված ցուցադրության մեջ ներառվել են պատմավեպի տարբեր տարիներին և տարբեր լեզուներով լույս տեսած ավելի քան հիսուն հրատարակություններ, որոնք Ազգային գրադարանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուների մասն են կազմում:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այս առիթով «Երախտագիտություն» շարքով թողարկել է «Ֆրանց Վերֆել» ոսկե հուշամեդալ:
Բացումը` ապրիլի 17-ին, ժամը` 12:00-ին:
Վայրը` Ազգային գրադարանի կենտրոնական մասնաշենքի սրահ:
Մուտքն ազատ է: