ԵՎՐՈՊԱՆ ԿՐՃԱՏՈՒՄ Է ԲԱՆԿԻՐՆԵՐԻ ԲՈՆՈՒՍՆԵՐԸ
Մի քանի ամիս տևած սուր քննարկումների արդյունքում Եվրախորհրդարանն ընդունել է բարեփոխումների նոր փաթեթ, որի շրջանակներում նախատեսվում է եվրոպացի բանկիրների համար սահմանել բոնուսների առավելագույն թույլատրելի մակարդակ, ինչպես նաև իրականացնել մի շարք այլ ծրագրեր, որոնց հիմքում ընկած է Եվրամիության բանկային համակարգի կայունության ապահովումը:
Սպասվում է, որ արդեն հաջորդ տարվանից Եվրոպայում բանկային բոնուսները կսահմանվեն տարեկան աշխատավարձի չափով: Միևնույն ժամանակ, սակայն, ենթադրվում է, որ ֆինանսական կառույցների բաժնետերերի համաձայնությամբ` բոնուսների չափը կարող է բարձրացվել և սահմանվել երկու տարվա աշխատավարձի մակարդակում:
Նշենք, որ ներկայում եվրոպական բանկերում բոնուսները տարեկան աշխաավարձը գերազանցում են մի քանի անգամ: