ՎԶԵԲ-ը և ԱրարատԲանկը համատեղ կխթանեն կանաչ տնտեսությունն ու մրցունակությունը Հայաստանում
ԱրարատԲանկը ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ստորագրեցին 10 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր՝ ուղղված կանաչ նախաձեռնությունների և մրցունակության խթանմանը։ Ծրագիրն իրականացվում է Եվրամիության (ԵՄ), Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) և Կլիմայական նախաձեռնությունների հիմնադրամի (ԿՆՀ) գործընկերությամբ։
ԱրարատԲանկը ֆինանսական միջոցները կուղղի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ)՝ նպատակ ունենալով խթանել մասնավոր հատվածի անցումը դեպի մրցունակ, ցածր ածխածնային և կլիմայակայուն գործելակերպ։ Ֆինանսավորման փաթեթը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչից՝
- 5 միլիոն ԱՄՆ դոլար՝ «ԵՄ-ն բիզնեսի համար»-ՎԶԵԲ վարկային գծի շրջանակներում
- 5 միլիոն ԱՄՆ դոլար՝ Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (ԿՏՖԾ) շրջանակներում
«ԵՄ-ն բիզնեսի համար» ծրագրի շրջանակներում վարկառուները կստանան ԵՄ դրամաշնորհներ և անվճար միջազգային խորհրդատվական ծառայություններ։ Ֆինանսավորման առնվազն 70%-ը նախատեսված է կանաչ տեխնոլոգիաների համար, իսկ 30%-ը՝ կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների համար։
Ծրագիրը ներառում է նաև հատուկ բաղադրիչ՝ ուղղված 2020-2023 թվականներին տեղահանված հայերի աջակցությանը։ ՎԶԵԲ-ը խրախուսական դրամաշնորհներ կտրամադրի ինչպես տեղահանված անձանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին, այնպես էլ նրանց աշխատանքով ապահովող ընկերություններին։
Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող ներդրումները ներառում են արևային ֆոտովոլտային վահանակներ, երկրաջերմային ջերմային պոմպեր, էլեկտրական տրանսպորտային միջոցներ և լիցքավորման ենթակառուցվածքներ։
ԱրարատԲանկի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցությունը մեկնարկել է 2007 թվականից, և առ այսօր ներդրումները տնտեսության մեջ կազմել են ավելի քան 100 միլիոն ԱՄՆ դոլար։