ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՍՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 10%-ՈՎ
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների համախառն հասույթի ծավալը կազմել է 39,3 մլրդ ՀՀ դրամ: Ըստ պաշտոնական վիճակագրության` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ցուցանիշն աճել է շուրջ 10%-ով:
Հատկանշական է, որ հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների հասույթի զգալի մասը` ավելի քան 60%-ը, ձևավորվել է բջջային ծառայությունների ոլորտում: Հայաստանի բջջային կապի 3 օպերատոները (ԱրմենՏել, ՎիվաՍել-ՄՏՍ, Օրանժ) այս տարվա առաջին երեք ամսում բջջային ծառայություններից ապահովել են 24,3 մլրդ ՀՀ դրամի հասույթ:
Միևնույն ժամանակ, Հայաստանի բնակչության մատուցված ինտերնետ հասանելիության ծառայություններից հեռահաղորդակցական ընկերությունների ապահոված եռամսյակային հասույթը կազմել է 7,2 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 11.8%-ով: