
ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ ՍՈՒՐՃԻ ԲԵՐՔԻ ՄԱՍՈՎ ՍՊԱՍՈՒՄՆԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ ՉԵՆ
2013-2014 թվականներին Բրազիլիայում սուրճի բերքի ծավալները կկրճատվեն: Նման կանխատեսում է ներկայացրել երկրի կառավարությունը:
Սպասվում է, որ 2012-2013 թվականների համեմատ Բրազիլիայում, որը սուրճ արտահանող խոշորագույն երկիրն է աշխարհում, կգրանցվի սուրճի բերքի ընդհանուր ծավալի 4,5% անկում:
Ըստ կանխատեսումների՝ ընթացիկ գյուղատնտեսական տարում 60-կիլոգրամանոց պարկերի քանակը, որոնցով չափվում է սուրճի բերքը, կկազմի 48,6 մլն՝ այն դեպքում, երբ նախորդ գյուղատնտեսական տարում պարկերի քանակը կազմել էր ավելի քան 50,8 մլն:
Նշենք, որ նախորդ գյուղատնտեսական տարին Բրազիլիայում ճանաչվել էր սուրճի բերքի համար լավագույն տարիներից մեկը: