ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ Է ԵՎՐՈՊԱ-ՉԻՆԱՍՏԱՆ ՆՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ
Չինական հեռահաղորդակցական Huawei և ZTE ընկերությունները մեղադրվում են գնային դեմպինգ իրականացնելու, ինչպես նաև Չինաստանի կառավարության կողմից անօրինական սուբսիդիաներ ստանալու մեջ: Ինչպես հաղորդում է եվրոպական մամուլը՝ այս ուղղությամբ Եվրամիության հակամենաշնորհային մարմիններն ուսումնասիրություն կսկսեն արդեն մոտ ապագայում:
Նշվում է, որ Huawei-ը և ZTE-ն եվրոպական շուկայում «գնային խախտումներով» առաջ են մղում իրենց արտադրանքը, և այս փաստի վերջնական հաստատման դեպքում չինական ընկերությունների նկատմամբ կկիրառվեն համապատասխան սանկցիաներ:
Հատկանշական է, որ Չինաստանն արդեն հանդես է եկել պատասխան հայտարարությամբ՝ «սպառնալով», որ եթե չինական ընկերությունների նկատմամբ կիրառվեն սանկցիաներ, ապա չինական կողմն իր հերթին Եվրամիության նկատմամբ կորդեգրի «հակադարձ խտրական քաղաքականություն»:
Huawei և ZTE ընկերությունները հեռահաղորդակցական սարքավորումների համաշխարհային արտադրության ոլորտում զբաղեցնում են առաջատար դիրքեր:
Եվրամիության համար Չինաստանը երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է՝ ԱՄՆ-ից հետո:
2012 թվականին Չինաստանից Եվրոպա արտահանումը կազմել է շուրջ 290 մլրդ եվրո: