ՉԱՇԽԱՏՈՂ ԵՆ ԳՅՈՒՂՎԱՐԿԵՐԻ ՄԻԱՅՆ 5%-Ը
Գյուղատնտեսական վարկերը հայաստանյան բանկերի վարկային պորտֆելում ունեն ոչ մեծ տեսակարար կշիռ` շուրջ 7%, ինչը ենթադրում է, որ մեր երկրի ֆինանսական համակարգի կայունության վրա վերջին կարկտահարության հետևանքների ազդեցությունը կլինի ոչ էական: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել Հայաստանի կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:
Նա նշել է, որ այժմ բանակցություններ են տարվում` գյուղվարկերի պայմանների վերանայման ուղղությամբ, և բանկերը պատրաստ են սեփական տոկոսային եկամուտների հաշվին մասնակի փոխհատուցել գյուղացիական վարկերի կորուստները:
Ըստ ներկայացված տվյալների` 2012 թվականի վերջի դրությամբ չաշխատող են դասակարգվել հայաստանյան բանկերի կողմից տրամադրված գյուղատնտեսական վարկերի շուրջ 5%-ը, ինչը ցածր ցուցանիշ է՝ գյուղատնտեսական գործունեության բարձր ռիսկայնության տեսանկյունից:
Ներկայում Հայաստանի բանկերի վարկային պորտֆելը կազմում է 1,7 տրիլիոն ՀՀ դրամ, որից գյուղատնտեսական վարկերը` շուրջ 115 մլրդ ՀՀ դրամ: