ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՊԱՏՐԱՍՏԻ ՍՆՆԴԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՃԵԼ Է 38%-ՈՎ
Այս տարվա առաջին չորս ամսում Հայաստանից արտահանվել է 91,1 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ պատրաստի սննդի արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ մեր երկրից պատրաստի սննդի արտադրանքի արտահանումն աճել է շուրջ 38%-ով:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս նույն ժամանակահատվածում Հայաստան պատրաստի սննդի արտադրանքի ներմուծման ծավալը կազմել է 117,3 մլն ԱՄՆ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճելով ավելի քան 10%-ով:
Արդյունքում, արտերկրից Հայաստան պատրաստի սննդի արտադրանքի ներմուծումը հանրապետությունից պատրաստի սննդի արտադրանքի արտահանման ծավալը գերազանցել է շուրջ 1.3 անգամ: Հատկանշական է, վերջին ժամանակահատվածում գրանցվել է այս հարաբերակցության շարունակական անկում:
Նշենք նաև, որ հաշվետու ժամանակահատվածում պատրաստի սննդի արտադրանքի արտահանումը մեր երկրի ընդհանուր արտահանման ծավալումը կազմել է 20%: Ներմուծման ընդհանուր ծավալում պատրաստի սննդի արտադրանքի ներմուծման տեսակարար կշիռը կազմել է 9%: