
Շվեյցարիան ցանկանում է ԱՄՆ-ին շահավետ առաջարկ անել
Այն բանից հետո, երբ ԱՄՆ իշխանությունները Շվեյցարիային շոկի ենթարկեցին՝ նրա ներմուծման նկատմամբ սահմանելով 39%-անոց մաքսատուրք, պաշտոնական Բեռնը որոշել է Սպիտակ տան համար «գայթակղիչ առաջարկ» ներկայացնել։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։
Թե ինչի մասին է լինելու այդ առաջարկը, առայժմ չի հստակեցվում։ Սակայն Շվեյցարիայի իշխանություններն արդեն ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ երկիրը ուղղակի ներդրումներ է անում ամերիկյան տնտեսության մեջ և ակտիվ գործունեություն է ծավալում հետազոտությունների և մշակման ոլորտում։ Հակաքայլերի մասին այս պահին խոսք չկա։
Բեռնը հուսով է մեղմել մաքսատուրքերի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ինչպես հայտնի է, դրան նախորդել է երկրի նախագահ և ֆինանսների նախարար Կարին Քելլեր-Զուտերի նախաձեռնած Շվեյցարիայի Դաշնային խորհրդի արտակարգ նիստը։
Ավելի վաղ տնտեսագետ Մալեկ Դուդակովը Շվեյցարիան անվանել էր ԱՄՆ-ի հետ վեճում ամենաշատը տուժած եվրոպական երկրներից մեկը։ Բեռնը չէր ակնկալում այդքան բարձր մաքսատուրքեր, որոնք այժմ լուրջ հարված կհասցնեն տեղի տնտեսությանը։