
Թրամփը խոսել է նավթի գների ազդեցության մասին` Ուկրաինայի հակամարտության հնարավոր ավարտի վրա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ նավթի համաշխարհային գների նվազեցումը ևս 10 դոլարով մեկ բարելի դիմաց կարող է ազդել Ռուսաստանի դիրքորոշման վրա՝ Ուկրաինայի հակամարտության դադարեցման հարցում։
«Այդ դեպքում ռուսական իշխանությունները այլընտրանք չեն ունենա, քանի որ տնտեսությունն առանց այն էլ ծանր վիճակում է», – նշել է Թրամփը CNBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Թրամփը նաև կրկին հայտարարել է, որ առաջիկայում կմտցնի էապես բարձր մաքսատուրքեր Հնդկաստանի նկատմամբ, որը ռուսական ածխաջրածիններ է գնում։
Նավթի գների իջեցումը՝ որպես Ուկրաինայի հակամարտության ավարտի պայման, Թրամփը սկսել էր շեշտել հենց նախագահական պաշտոնին վերադառնալու առաջին օրերից՝ այսինքն հունվարից։ Մասնավորապես, Դավոսում առցանց ելույթ ունենալիս նա պնդել էր, որ նման դեպքում «մարտական գործողությունները կդադարեցվեին անմիջապես»։
Նախորդ շաբաթ նավթի գները հակառակը՝ բարձրացել էին այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել էր, որ կրճատում է Ռուսաստանի համար տրված 50-օրյա վերջնաժամկետը՝ հակամարտությունը կարգավորելու համար։ Այս շաբաթվա սկզբին գները վերադարձել են նախկին մակարդակին՝ նվազելով 1.27%-ով և հասնելով 67.89 դոլարի մեկ բարելի Brent նավթի համար։