
MOODY'S-Ը ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՒՎԵՐԵՆ ՎԱՐԿԱՆԻՇԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է MOODY`S INVESTORS SERVIC միջազգային կազմակերպության փորձագետներին:
Ինչպես տեղեկացնում են նախարարության Մամուլի ծառայությունից՝ հանդիպմանը նախարարը MOODY`S-ի փորձագետներ Էլիզա Պարիսի Կապոնեյին և Լյուսի Վիլլային ներկայացրել է ոլորտի զարգացման հիմնական ցուցանիշները, միտումները, ինչպես նաև պարենային անվտանգության ուղենիշները: Սերգո Կարապետյանը հյուրերի խնդրանքով անդրադարձել է նաև արդյունաբերական գյուղատնտեսության անցման ճանապարհին ներդրված նոր տեխնոլոգիաներին, գյուղացիական տնտեսությունների խոշորացման ծրագրերին՝ կոոպերացիաների և ասոցիացիաների ստեղծմանը, մանրամասն ներկայացրել Հայաստանի գյուղատնտեսական քաղաքականության առաջնահերթությունները:
Փորձագետները նախարարին հայտնել են, որ իրենց կազմակերպությունը Հայաստանում է երկրի սուվերեն վարկանիշի հերթական վերանայման գործընթացի շրջանակում:
Հանդիպման ավարտին հյուրերը շնորհակալություն են հայտնել նախարարին գյուղատնտեսության ոլորտի բնութագրիչները հանգամանալից ներկայացնելու համար և նշել, որ տպավորված են ոլորտի վերջին տարիների ցուցանիշներից: