
Առողջության ապահովագրությունը ծախս չէ, այլ ներդրում Ձեր հանգստության մեջ
Վերջին տարիներին Հայաստանում նկատելիորեն աճել է հետաքրքրությունը բժշկական ապահովագրության նկատմամբ։ Եթե նախկինում շատերը նախընտրում էին վճարել բժշկական ծառայությունների համար տեղում՝ «իրենց սեփական գրպանից» և հիմնականում դիմում էին բժշկի, երբ «դանակը հասնում էր ոսկորին», ապա այսօր ավելի ու ավելի շատ մարդիկ են մտածում հիվանդության կանխարգելման, ամենամյա բուժզննումների մասին:
Այնուամենայնիվ, թերահավատությունը դեպի ապահովագրություն մեր հասարակության մեջ դեռևս ամբողջովին չի վերացել․ որոշները կարծում են, որ դա ավելորդ ծախս է, մյուսները վստահում են ոչ ավանդական, այսպես կոչված «տնային մեթոդներին»:
Այն մասին, թե ինչպես է գործում բժշկական ապահովագրությունը մեր երկրում, հիմնականում ինչ խնդիրներով են դիմում հաճախորդները և ինչպես է աստիճանաբար փոխվում մեր համաքաղաքացիների մտածելակերպը առողջության հարցում, զրուցեցինք «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրականընկերությանբժշկականբաժնիղեկավար Լիանա Գալստյանի հետ։
– Ո՞ր հիվանդությունների և բժշկական ծառայությունների համար են հիմնականում դիմում՝ առողջության ապահովագրության շրջանակներում։
Առողջության ապահովագրության շրջանակում մեր ապահովագրվածները դիմում են բազմաբնույթ բժշկական ծառայությունների համար․ թերապևտիկ և սոմատիկ հիվանդություններ, ուռուցքաբանական խորհրդատվություններ և հետազոտություններ, նևրոլոգիական, օրթոպեդիկ և վնասվածքաբանական խնդիրներ, ուրոլոգիական և գինեկոլոգիական այցելություններ, լաբորատոր և գործիքային հետազոտություններ, ատամնաբուժություն։
Մեծ պահանջարկ ունեն նաև տարեկան բուժզննումները։ Դա շատ ուրախալի փաստ է, որը վկայում է մեր ազգաբնակչության շրջանում առողջության հանդեպ հոգատար վերաբերմունքի ցուցաբերման մասին։
Կարևոր է նշել, որ վերջին տարիներին աճ է նկատվում նաև հոգեբաններին և հոգեբույժներին դիմողների շրջանում։ Փաստացի, մեր քաղաքացիները սկսել են կարևորել նաև իրենց հոգեկան առողջությունը։
– Շատ հաճախ լսում ենք, որ ապահովագրությունը ավելորդ ծախս է։ Ի՞նչ կասեք այս դիրքորոշման մասին։
Սա տարածված, բայց խիստ թյուր կարծիք է։ Ապահովագրությունը ավելորդ ծախս չէ, այլ ներդրում ապագայի համար։
Մարդիկ, որպես կանոն, այդպես են մտածում այնքան ժամանակ, քանի դեռ չեն բախվել լուրջ առողջական խնդրի։ Երբ օգնությունն իսկապես անհրաժեշտ է դառնում, և բժշկական ծառայությունների արժեքը գերազանցում է բուժման համար նախատեսված գումարները, միայն այդ պահին է, որ հասկանում են՝ առողջության ապահովագրությունն ապահովություն է ինչպես իրենց, այնպես էլ ընտանիքի համար։
Օրինակ, վերջերս «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերությունը փոխհատուցել է 3,9 մլն ՀՀ դրամ սրտի ռիթմը կարգավորող սարքի ձեռքբերման և տեղադրման ծախսերը։ Սա այն բազմաթիվ դեպքերից մեկն է, որը վկայում է այն մասին, ապահովագրությունն իրական աջակցություն է՝ կյանքի ամենաանհրաժեշտ պահերին։
– Ձեր կարծիքով, ինչո՞ւ մենք՝ հայերս դեռևս չենք վստահում բժշկական ապահովագրությանը և նախընտրում ենք վճարել «սեփական գրպանից»։
Իրականում սա շատ խորքային հարց է, և պատճառները միայն ֆինանսական չեն։ Այստեղ խոսքը միանշանակ գնում է սոցիալ-մշակութային խնդիրների մասին։ Տարիներ շարունակ մարդիկ ստիպված են եղել սեփական ուժերով լուծել իրենց խնդիրները։ Սա է պատճառը, որ ձևավորվել է կարծրատիպ, որ ավելի հեշտ է տեղում վճարել բժշկին բուժման համար, քան ներդրում կատարել ապահովագրության մեջ։ Շատերի մոտ դեռ աշխատում է այն մոտեցումը, թե՝ «երբ հիվանդանամ, կմտածեմ», կամ «ես ինձ վատ չեմ զգում, ինչու պիտի հիմա վճարեմ»։
Ապահովագրական համակարգը դարձել է ավելի թափանցիկ, պարզ և հասանելի։ Մեր փորձն էլ ցույց է տալիս, որ նույնիսկ մեկ անգամ օգտվելով ապահովագրական փոխհատուցումից՝ մարդու վերաբերմունքն ամբողջությամբ փոխվում է ապահովագրության նկատմամբ։ Մենք հանդիսանում ենք միջնորդ բժշկական կենտրոնի և հաճախորդի միջև, և հենց առողջության ապահովագրության համատեքստում հասարակության մեջ մեծանում է նաև վստահությունը ֆինանսական կառույցների հանդեպ։
– Առողջության ապահովագրության զարգացման ի՞նչ միտումներ եք տեսնում Հայաստանում:
Ժամանակին համընթաց ապահովագրական ոլորտը ևս զարգանում է։ Վերջին տարիներին նկատվում է հետաքրքրություն ավելի համապարփակ կանխարգելիչ ծրագրերի նկատմամբ։ Շուկան աստիճանաբար շարժվում է դեպի անհատականացված մոտեցում, երբ ապահովագրությունն ընձեռում է ոչ թե միայն բուժման, այլ նաև առողջության պահպանման հնարավորություն։ «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ում մենք մշակում ենք մատչելի փաթեթներ՝ հետապնդելով մեկ հիմնական նպատակ, որ առողջության ապահովագրությունից կարողանան օգտվել բոլորը՝ անկախ ֆինանսական հնարավորություններից։