
Կրիպտոյի վերահսկողության շուրջ տարաձայնություններ ԵՄ-ում
Եվրոպական միության նոր MiCA (Markets in Crypto-Assets) նախաձեռնությունը նախատեսում է, որ կրիպտոընկերությունները կարողանան գործել մի քանի երկրներում՝ ստանալով լիցենզիա միայն մեկ անդամ պետությունում։ Սակայն Ֆրանսիան, ինչպես նաև Իտալիան ու Ավստրիան, դեմ են այս մոտեցմանը։ Նրանք մտավախություն ունեն, որ որոշ երկրներում թույլ վերահսկողությունը կարող է բերել կարգավորումներից խուսափելու ռիսկեր։
Ֆրանսիան նույնիսկ զգուշացրել է, որ կարող է չընդունել այլ երկրների լիցենզիաները, եթե դրանք չհամարվեն բավարար չափով խիստ։ Ֆրանսիական իշխանությունները պահանջում են, որ խոշոր կրիպտոընկերությունների վերահսկողությունը փոխանցվի Եվրոպական արժեթղթերի և շուկաների գործակալությանը (ESMA)։ Կենտրոնացված վերահսկողությունը, նրանց կարծիքով, կապահովի ներդրողների պաշտպանություն, շուկայի կայունություն և միասնական կանոններ ողջ ԵՄ տարածքում։
Այս վեճը ցույց է տալիս MiCA-ի գործարկման հիմնական մարտահրավերները․ թեև ԵՄ-ն ձգտում է համահունչեցնել կրիպտոռեգուլյացիան, առանձին պետությունների դիրքորոշումները կարող են դանդաղեցնել գործընթացը կամ փոխել դրա սկզբնական նպատակը։ Հնարավոր է, որ ԵՄ-ն վերանայի MiCA-ի կիրառման կանոնները՝ խստացնելով նվազագույն չափորոշիչները, իսկ ESMA-ն ստանա ավելի լայն լիազորություններ՝ վերահսկելու խոշոր խաղացողներին։