
ԱՄՀ․ 2025 թվականին համաշխարհային առևտրի ծավալը կաճի 3.6%-ով
ԱՄՀ-ն վերանայել է 2025 թվականի համաշխարհային առևտրի աճի տեմպերի կանխատեսումը՝ այն բարձրացնելով 1 տոկոսային կետով՝ հասցնելով 3.6%-ի։ Այս մասին ասվում է Վաշինգտոնում ներկայացված ԱՄՀ-ի «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» զեկույցում։
Բացի այդ, հիմնադրամի վերլուծաբանները սպասում են, որ 2026 թվականին համաշխարհային առևտրի աճի տեմպերը կնվազեն մինչև 2.3%, ինչը 0.4 տոկոսային կետով բարձր է հուլիսյան կանխատեսումից։
Համաշխարհային առևտրային քաղաքականության անորոշությունը ստիպում է ընկերություններին կրճատել ներդրումները և օպտիմալացնել արտադրանքի պահեստային պաշարները։ Փաստաթղթի հեղինակները նշում են, որ որոշ երկրներ կարող են շահել առևտրային շղթաների վերաբաշխումից, սակայն ընդհանուր առմամբ այդ անորոշության ազդեցությունը կլինի բացասական։
Զեկույցում ընդգծվում է, որ տարվա առաջին եռամսյակում համաշխարհային առևտրի դինամիկան մնում էր դրական, սակայն արդեն երկրորդ եռամսյակում երևացին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականության բացասական հետևանքները։
«ԱՄՆ արտահանման ծավալը խոշոր եվրոպական տնտեսություններից՝ մասնավորապես Գերմանիայից, Իսպանիայից և Մեծ Բրիտանիայից, նկատելիորեն նվազել է։ Սակայն եվրագոտու ընդհանուր արտահանման ծավալը շարունակում է կայուն մնալ՝ շնորհիվ Եվրոպայի ներսում ավելի ակտիվ առևտրային հոսքերի», – նշվում է փաստաթղթում։
ԱՄՀ-ի վերլուծաբաններն ընդգծում են, որ համաշխարհային առևտրում անորոշությունը կմնա ինչպես ընթացիկ, այնպես էլ հաջորդ տարում։