
ԵՄ խորհրդարանը առաջարկել է պատասխանատվության ենթարկել թվային հսկաների ղեկավարներին՝ ցանցում խախտումների համար
Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն առաջարկել են պատասխանատվության ենթարկել խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին՝ ինտերնետային խախտումների համար, որոնք առաջին հերթին վերաբերում են երեխաների պաշտպանությանը։ Այս մասին գրել է Politico-ն՝ հղում անելով ԵՄ ներքին շուկայի հանձնաժողովի առաջարկությանը։
Փաստաթղթի նախագծի համաձայն՝ Եվրոպական հանձնաժողովը պետք է դիտարկի թվային հսկաների ղեկավարների նկատմամբ «անձնական պատասխանատվություն» սահմանելու հնարավորությունը՝ ԵՄ-ի «Թվային ծառայությունների մասին» օրենքի (Digital Services Act, DSA) «լուրջ և համակարգային» խախտումների դեպքում, հատկապես՝ անչափահասների առնչությամբ։
Ինչպես նշում է պարբերականը, նման առաջարկ արվել է այն ֆոնին, երբ ԵՄ-ում շարունակվում են հետաքննությունները Meta-ի և TikTok-ի գործունեության վերաբերյալ։
Զեկույցը նոյեմբերին կներկայացվի ԵՄ խորհրդարանի պատգամավորների քննարկմանը։ Նախաձեռնությունը վերաբերում է այն հարթակների ղեկավարներին, որոնք ունեն ԵՄ-ում ավելի քան 45 միլիոն օգտատեր։ Փաստաթղթում նշվում է, որ տեխնոլոգիական հսկաները պետք է խստացնեն միջոցները՝ նվազեցնելու ռիսկերը և ապահովելու թափանցիկությունը՝ ապատեղեկատվության և անօրինական բովանդակության դեմ պայքարում՝ անչափահասների պաշտպանության նպատակով։
Ընկերությունների կողմից այս կանոնների խախտման դեպքում նրանց կարող է սպառնալ տուգանք՝ տարեկան համաշխարհային եկամուտների մինչև 6%-ի չափով։ Սակայն, ինչպես նշում է հրապարակումը, Բրյուսելի կողմից սկսված որևէ հետաքննություն առայժմ չի հանգեցրել տուգանքի կիրառման։
ԵՄ-ի «Թվային ծառայությունների մասին» օրենքն ուժի մեջ է մտել 2023 թվականի օգոստոսին։ Այն զգալիորեն խստացրել է վերահսկողությունը 19 հարթակների նկատմամբ՝ ներառյալ Facebook-ը և Instagram-ը, AliExpress-ը, Amazon Store-ը, AppStore-ը, Booking-ը և այլ հարթակներ։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։