FT. Թիմ Քուկը 2026-ին կարող է հեռանալ Apple-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնից
Ամերիկյան Apple կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուկը կարող է հեռանալ իր պաշտոնից 2026 թվականին: Այս մասին գրում է Բրիտանական Financial Times-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Աղբյուրների համաձայն՝ նոր տնօրենի ամենահավանական թեկնածուն Ջոն Տերնուսն է՝ չնայած վերջնական որոշումը դեռ չի կայացվել։ Հրատարակությունը նշել է, որ ընկերությունը դժվար թե հրապարակի նոր գլխավոր գործադիր տնօրենի անունը մինչև հաջորդ ֆինանսական հաշվետվության հրապարակումը հունվարին։
Ենթադրվում է, որ տարեսկզբին նոր ղեկավար ունենալու դեպքում հնարավորություն կտա նրան ավելի լավ պատրաստվել Apple-ի տարեկան երկու գլխավոր իրադարձություններին՝ հունիսին կայանալիք ծրագրավորողների համաժողովին և սեպտեմբերին նոր iPhone մոդելի թողարկմանը։
FT-ն ընդգծել է, որ Apple-ում արդեն սկսվել է կառավարման թիմի աստիճանական արդիականացման գործընթացը։
Այսպես, այս տարվա սկզբին իր պաշտոնից հեռացել է ֆինանսական տնօրեն Լուկա Մաեստրին, իսկ հուլիսին՝ գործադիր տնօրեն Ջեֆ Ուիլյամսը։
65-ամյա Քուկը ղեկավարում է Apple-ը 2011 թվականից՝ փոխարինելով տեխնոլոգիական հսկայի հիմնադիր Սթիվ Ջոբսին։ Այս ընթացքում կորպորացիայի կապիտալիզացիան աճել է 350 մլրդ դոլարից մինչև 4 տրիլիոն դոլար։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

