
Կընդլայնվեն Երևանի և Լենինգրադի մարզի միջև առկա գործարար կապերը
Երևանի քաղաքապետարանում կայացել է հանդիպում Լենինգրադի մարզի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպմանը ընդգծվել է, որ Երևանի և Լենինգրադի մարզի միջև առկա են գործակցության լայն հնարավորություններ, և այդ համատեքստում կարևորվել է երկու քաղաքների գործարար շրջանակների միջև կապերի խորացումն ու ընդլայնումը:
Լենինգրադի շրջանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ռաշիդ Իսմահիլովը բարձր է գնահատել կառուցողական գործընկերային այն մթնոլորտը, որն առկա է կողմերի հարաբերություններում, և վստահություն հայտնել, որ առաջիկայում քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ծրագրերի իրականացումից զատ, կընդլայնվի ու առավել գործնական կդառնա նաև երկու քաղաքների փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համագործակցությունը:
Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները նշել են, որ քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու գործարար շրջանակներին՝ Երևանում ներդրումային ծրագրեր իրականացնելու և փոխգործակցություն ծավալելու հարցում: