Viva-ն և IMAST-ը միավորում են ուժերը՝ արյան խնդիրներ ունեցող երեխաներին աջակցելու համար
Viva-ն հայտարարում է IMAST թվային հարթակի հետ համագործակցության մասին․ գործընկերների նպատակն է աջակցել թրոմբոցիտոպենիա ունեցող հինգ երեխայի համար անհրաժեշտ դեղորայքի ձեռքբերմանը։
IMAST-ն իր առաքելության շրջանակում իրականացնում է դրամահավաք, որի ընթացքում հավաքագրված յուրաքանչյուր դրամը կկրկնապատկվի Viva-ի կողմից։ Այսինքն՝ յուրաքանչյուր նվիրատվություն կունենա կրկնակի ազդեցություն։ Հավաքագրված միջոցներով ձեռք կբերվի երեխաների բուժման համար անհրաժեշտ «Ռևոլեյդ» (Revolade) դեղորայքը։
Նախաձեռնության նպատակն այս երեխաների համար թանկարժեք և կենսական նշանակություն ունեցող դեղորայքի հասանելիությունն ապահովելն է՝ կարևոր խնդրի շուրջ միավորելով անհատների և ընկերության ջանքերը։ Կրկնապատկման մեխանիզմը հնարավորություն է տալիս էականորեն մեծացնել աջակցության ծավալը։
Մովսեսը, Էրիկան, Ալեքսանդրը, Էսթերն ու Ռաֆայելը պայքարում են իմուն թրոմբոցիտոպենիայի դեմ․ այս հիվանդության դեպքում արյան թրոմբոցիտների մակարդակը կարող է իջնել վտանգավոր աստիճանի։ Երեխաների կյանքի որակը կախված է «Ռևոլեյդ» դեղամիջոցի շարունակական ընդունումից, որը որոշ դեպքերում կարող է նաև կանխել կյանքի հետ անհամատեղելի իրավիճակներ, բայց նույնիսկ կարճատև ընդհատումը կարող է բերել հիվանդության սրացման։ Դրամահավաքը կօգնի երեխաներին ապահովել անհրաժեշտ դեղորայքի մի քանի ամսվա պաշարով։
IMAST-ը (կայքէջը՝ imast.am), ունենալով մեծ և ակտիվ լսարան, նախաձեռնության մասին պատմում է սոցիալական հարթակներում հրապարակվող reel-երի միջոցով, որտեղ ներկայացված են երեխաների պատմությունները, ինչպես նաև ցուցադրվում է, թե ինչպես կարելի է միանալ աջակցության գործընթացին։
«Երբ հասարակությունը միավորվում է մեկ նպատակի շուրջ, հնարավոր է իրական փոփոխություն ստեղծել։ Այս նախաձեռնությամբ մենք ցանկանում ենք ոչ միայն կրկնապատկել ֆինանսական աջակցությունը, այլև բարձրացնել ուշադրությունն այն ընտանիքների նկատմամբ, որոնք այսօր ամենամեծ աջակցության կարիքն ունեն։ Յուրաքանչյուր ներդրում՝ որքան էլ փոքր, կարող է հույսի աղբյուր դառնալ», – նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։
IMAST-ի հիմնադիր Հայկ Հայրապետյանն ընդգծել է նախաձեռնության նշանակությունը․ «IMAST հարթակի գաղափարն այն է, որ յուրաքանչյուր մարդ կարողանա մի քանի քայլով մասնակցել բարության շղթային։ Viva-ի հետ համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս օգնությունը դարձնել կրկնակի ուժեղ և հասանելի ավելի շատ մարդկանց համար»։
Նախագիծն իրականացվում է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի (HFC Armenia) միջոցով, որը երկրի խոշորագույն և ամենավստահելի բարեգործական կազմակերպություններից մեկն է և գործում է հանրային նվիրատվությունների շնորհիվ: Հիմնադրվելով 2021 թվականին՝ հիմնադրամը տրամադրում է համապարփակ աջակցություն երեխաների շրջանում ծանր հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման և բարձրորակ բուժման ուղղությամբ: Անցած չորս տարիների ընթացքում HFC Armenia-ն ստացել է ավելի քան 100 000 նվիրատվություն և ներդրել ավելի քան 2 միլիարդ դրամ՝ աջակցելով առողջական ծանր խնդիրներ ունեցող ավելի քան 4000 երեխայի: Հզորացնելով առողջապահական համակարգը և խթանելով փոխօգնության մշակույթը՝ հիմնադրամը ձգտում է ապահովել, որ յուրաքանչյուր երեխա հասանելիություն ունենա իրեն անհրաժեշտ որակյալ բժշկական օգնությանը:
«Այս համագործակցությունը հանրային միասնության լավագույն օրինակ է։ Միավորելով ուժերը Viva-ի և IMAST-ի հետ՝ մենք կարողանում ենք ապահովել հինգ երեխաների կյանքի համար կենսական նշանակություն ունեցող բուժումը։ Մեր նպատակն է, որ Հայաստանում ոչ մի երեխա անհասանելի դեղորայքի պատճառով չզրկվի առողջ լինելու հնարավորությունից», – նշել է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։
Viva-ն և IMAST-ը հանրությանը կոչ են անում միանալ նախաձեռնությանը և իրենց հնարավորության սահմաններում աջակցել երեխաներին, որոնց համար օգնությունն այսօր կենսական նշանակություն ունի։
IMAST հավելվածը կարող եք ներբեռնել այստեղ:
IMAST-ը Հայաստանի թիվ 1 բարեգործական հավելվածն է։ Այն գործում է որպես ոչ առևտրային կազմակերպություն՝ իր գործունեության հիմքում դնելով հասարակական համերաշխությունն ու փոխօգնությունը։ IMAST-ը սահմաններ չունի․ հավելվածը հասանելի է աշխարհի ցանկացած կետից, և յուրաքանչյուր մարդ կարող է մի քանի քայլով միանալ նախաձեռնություններին ու մասնակցել բարության շղթային՝ անկախ գտնվելու վայրից։ IMAST-ի ստեղծման հիմքում այն համոզմունքն է, որ տեխնոլոգիան կարող է ծառայել մարդկային կյանքին և իրական փոփոխություն բերել այնտեղ, որտեղ դրա կարիքն ամենամեծն է։
