Համաշխարհային պարտքը 2025 թվականին հասել է ռեկորդային 348.3 տրլն դոլարի
Համաշխարհային պարտքի ծավալը, որը ներառում է պետությունների, տնային տնտեսությունների, ֆինանսական և ոչ ֆինանսական ընկերությունների պարտավորությունները 2025 թվականին աճել է 29 տրլն դոլարով՝ հասնելով պատմական առավելագույնի՝ 348.3 տրլն դոլարի։ Այս մասին նշվում է Institute of International Finance-ի զեկույցում։
Աճը պայմանավորված է նախ սուվերեն պարտավորությունների ընդլայնմամբ․ դրանց բաժին է ընկել ավելի քան 10 տրլն դոլար աճ։ Ընդ որում՝ ընդհանուր աճի շուրջ երեք քառորդը բաժին է ընկել ԱՄՆ-ին, Չինաստանին և եվրոպական երկրներին։
Ներկայում գլոբալ պարտքի աճը պայմանավորված է ոչ այնքան տնային տնտեսությունների կամ ընկերությունների պարտավորություններով, որքան աշխարհի խոշորագույն տնտեսությունների շարունակական բյուջետային դեֆիցիտներով։
Պարտք-ՀՆԱ հարաբերակցությունն անցյալ տարի նվազել է մինչև 308%՝ հիմնականում զարգացած տնտեսությունների հաշվին։ Զարգացող երկրներում ցուցանիշը հասել է ռեկորդային 235% ՀՆԱ-ի։
Ըստ IIF-ի տվյալների՝ պետական պարտքը 2025 թվականի վերջի դրությամբ կազմել է 106.7 տրլն դոլար՝ մեկ տարի առաջվա 96.3 տրլն դոլարի համեմատ։ Ոչ ֆինանսական ընկերությունների պարտքը հասել է 100.6 տրլն դոլարի, իսկ տնային տնտեսությունների պարտավորությունները՝ 64.6 տրլն դոլարի։
Զարգացած շուկաներում ընդհանուր պարտքն աճել է մինչև 231.7 տրլն դոլար, իսկ զարգացող շուկաներում՝ մինչև ռեկորդային 116.6 տրլն դոլար։
Զեկույցում նշվում է, որ եթե բյուջետային դեֆիցիտները պահպանվեն բարձր մակարդակի վրա, իսկ ընկերությունները շարունակեն կապիտալ ծախսերը ֆինանսավորել պարտատոմսերի թողարկման միջոցով, ապա 2026 թվականին համաշխարհային պարտքը կշարունակի աճել։
IIF-ի գնահատմամբ՝ ընթացիկ տարում զարգացող շուկաները պետք է մարեն ավելի քան 9 տրլն դոլարի պարտավորություն, ինչը հաշվարկների պատմության մեջ ռեֆինանսավորման առավելագույն ծավալն է։ Զարգացած շուկաներում սպասվում է ավելի քան 20 տրլն դոլարի պարտատոմսերի և վարկերի մարում։
