Ֆինանսական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.00+0.00
EUR BUY - 429.00+0.00 EUR SELL - 435.00+0.00
OIL:  BRENT - 106.28+2.30 WTI - 100.73+2.05
COMEX:  GOLD - 5001.00-1.02 SILVER - 79.00-2.36
COMEX:  PLATINUM - 2039.20-0.14
LME:  ALUMINIUM - 3439.50-0.51 COPPER - 12780.50-2.01
LME:  NICKEL - 17266.00-2.41 TIN - 47059.00-5.21
LME:  LEAD - 1907.50-1.47 ZINC - 3296.00-0.39
FOREX:  USD/JPY - 159.27-0.28 EUR/GBP - 1.1423+0.06
FOREX:  EUR/USD - 1.1423+0.06 GBP/USD - 1.324+0.14
STOCKS RUS:  RTSI - 1144.30+0.63
STOCKS US: DOW JONES - 46558.47-0.26 NASDAQ - 22105.36-0.93
STOCKS US: S&P 500 - 6632.19-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 53819.61-1.16 TOPIX - 3629.03-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 25465.60-0.98 SSEC - 4095.45-0.81
STOCKS EUR:  FTSE100 - 10261.15-0.43 CAC40 - 7911.53-0.91
STOCKS EUR:  DAX - 23447.29-0.60
13/03/2026  CBA:  USD - 377.54+0.1 GBP - 500.62-4.89
13/03/2026  CBA:  EURO - 432.7-3.55
13/03/2026  CBA:  GOLD - 62270-618 SILVER - 1056.4+10
168. Կառավարությունը գնում է արկածախնդրության. Ընտրություններից հետո՝ թեկուզ ջրհեղեղ
16/03/2026 15:46
Կիսվել

168. Կառավարությունը գնում է արկածախնդրության. Ընտրություններից հետո՝ թեկուզ ջրհեղեղ

Կառավարությունն անտեսելով ֆինանսների նախարարության ահազանգը, ինչպես միշտ, քաղաքական նպատակահարմարություններով առաջնորդվելով՝ որոշեց բարձրացնել թոշակները։ Այս մասին գրում է 168.am-ը:

Թոշակների բարձրացումը, որքան էլ անհրաժեշտություն է, այնուհանդերձ ֆինանսական միջոցներով ապահովված չէ, քանի որ ի սկզբանե կառավարությունը դրա համար պետական բյուջեում գումար չի նախատեսել։ Ենթադրությունների վրա են բարձրացրել։ Մի բան, ինչն էլ անհանգստացրել է ֆինանսների նախարարությանն այն առումով, թե ինչի՞ հաշվին են կատարվելու այդ ծախսերը։ Հատկապես որ, խոսքը բավական լուրջ գումարի մասին է։

Կառավարության հաշվարկներով, թոշակներն ու նպաստները բարձրացնելու համար անհրաժեշտ է գրեթե 79 մլրդ դրամ։ Բյուջեն հաստատելուց այդ գումարը չեն ներառել ծախսերի մեջ։ Բյուջեի կանխատեսվող եկամուտներին համապատասխան՝ սահմանել են ծախսերը, որոնց մեջ, սակայն, թոշակների բարձրացման համար անհրաժեշտ շուրջ 79 մլրդ դրամը չկա։

Դրանից ելնելով էլ՝ ֆինանսների նախարարությունն ահազանգել է, որ այդպիսով ռիսկեր են ստեղծում ինչպես այս, այնպես էլ հետագա տարիների բյուջեների համար։

«Հաշվի առնելով ներկայացված առաջարկի քաղաքական և սոցիալական հնչեղությունը, այդուհանդերձ, ֆիսկալ կայունության տեսանկյունից հարկ ենք համարում նշել, որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է 2026թ. և հետագա տարիների համար ընթացիկ ծախսերի էական աճի մասին, ինչը հանգեցնելու է հետագա տարիներին բազային բյուջեի սոցիալական ծախսերի զգալի իներցիոն աճերի և էապես սահմանափակելու է ՀՀ կառավարության՝ այլ ուղղություններով ծախսեր իրականացնելու հնարավորությունները:

Եթե վերջինիս ավելացնենք առկա ֆիսկալ սահմանափակումները, ինչպես նաև առողջության համընդհանուր ապահովագրության համակարգից բխող՝ ընթացիկ ծախսերի գծով զգալի ֆիսկալ ճնշումները և բազմաթիվ այլ ուղղություններով գեներացվող հավելյալ ծախսային կարիքները 2026թ. և հետագա տարիների համար, ներկայացված առաջարկը համարում ենք բավականին ռիսկային»,- թոշակները բարձրացնելու կառավարության նախաձեռնության վերաբերյալ ահազանգել էր ֆինանսների նախարարությունը, բայց կառավարությունն արհամարհեց այդ ահազանգը։

Մինչդեռ՝ ֆիսկալ կայունության հետ կապված ռիսկերը նշանակում են, որ բյուջեն կարող է բախվել այդ ծախսերը սպասարկելու խնդիրների հետ, որովհետև հայտնի չեն այն ֆինանսական աղբյուրները, որոնց հաշվին պիտի իրականացվեն թոշակների բարձրացման ծախսերը։ Հատկապես որ, առողջության ապահովագրության հապճեպ ներդրումն էլ իր հերթին է մեծացրել բյուջեի բեռը։ Այդ նպատակի համար նախատեսված բյուջետային գումարները տարվա կեսին, ինչպես սովորաբար լինում էր պետպատվերի դեպքում, կարող են սպառվել ու հավելյալ գումարների անհրաժեշտություն առաջանա։ Որտեղի՞ց են վերցնելու այդ գումարները, հայտնի չէ։

Դա քիչ էր, առանց ֆինանսական ապահովության՝ որոշեցին թոշակներն էլ բարձրացնել ու բոլորովին նոր բեռ ավելացնել բյուջեի վրա։ Իշխանությունը կորցնելու վտանգը ստիպեց գնալ այդ քայլին, ու հիմա, հետին թվով, սկսել են միջոցներ փնտրել՝ թոշակները վճարելու համար։

Ասում են՝ հարկային եկամուտների հավելյալ ակնկալիքներ ունենք։ Հարց է առաջանում, եթե կային նման ակնկալիքներ, ինչո՞ւ դրանք տեղ չեն գտել ընդամենը մի քանի ամիս առաջ հաստատված պետական բյուջեում։

Կա 2 տարբերակ՝ այդ ակնկալիքները կեղծ են ու չհիմնավորված, կամ ժամանակին միտումնավոր թաքցրել են։

Առավել հավանականն այն է, որ այդպիսի ակնկալիքներ չեն եղել, նման կարճ ժամանակում չէին էլ կարող առաջանալ։ Պարզապես ընտրություններից առաջ որոշել են դրանով կեղծ հիմքեր ստեղծել թոշակների բարձրացման համար։

Ի՞նչ են անելու, եթե վաղը չիրականանան այդ ակնկալիքները։ Այս պահին ոչ մի հիմք չկա պնդելու, թե բյուջեի եկամուտները նախատեսվածից ավելի շատ են լինելու ու դրանց հաշվին փակելու են թոշակների բարձրացման ծախսերը։

Մյուս հարցն էլ այն է, թե ի՞նչ է լինելու, եթե այդ եկամուտները չստացվեն, ասելո՞ւ են՝ թոշակների բարձրացումը հետողորմեա պետք է արվի։

Բնականաբար, մինչև ընտրությունները մի բան կանեն, այստեղից-այնտեղից գումարներ կկրճատեն՝ թոշակների բարձրացման ծախսերը փակելու համար։ Ընտրություններից հետո, միանգամայն իրական են այն ռիսկերը, որ բյուջեն կարող է բախվել վերցված ամբողջ ֆինանսական բեռը սպասարկելու հետ։ Ու այդ ժամանակ՝ ինչպես թոշակների վճարումն, այնպես էլ՝ բյուջետային մյուս ծախսերի կատարումը կդառնա խնդրահարույց։

Արկածախնդրություն է քաղաքական նպատակներով բյուջեն նման վտանգի առաջ կանգնեցնելը։ Բայց դա Հայաստանի այսօրվա կառավարիչների համար չէ։

Առանց հիմքերի ու հիմնավորումների պնդում են, թե թոշակների բարձրացման համար անհրաժեշտ 79 միլիարդից 40 միլիարդը կլրացնեն բյուջեի հավելյալ հարկերի հաշվին։ Որտեղի՞ց են վերցրել, որ բյուջեի հաստատվածի հարկային եկամուտները 40 միլիարդով գերակատարելու են։ Նիկոլ Փաշինյանն այնքան է խճճվել իր ստերի մեջ, որ կառավարության նիստում բացահայտ կեղծ հայտարարություններ է անում։ Ասում է՝ անցած տարի նախատեսվածից 30 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտներն ենք հավաքել, իսկ կառավարության անդամներից ոչ մեկը չի համարձակվում ուղղել նրա այդ «անմեղ» սխալը։ Անցած տարվա հաստատված բյուջեով նախատեսել էին հավաքել 2 տրիլիոն 720 մլրդ դրամ, հավաքել են 2 տրիլիոն 725 միլիարդի հարկ։ Ոչ մի 30 միլիարդի գերակատարում էլ չեն արել։ Որտեղի՞ց է վերցրել, որ անցած տարի բյուջեի հարկային եկամուտները 30 միլիարդով գերակատարել են։

Այսպիսի կեղծ հիմնավորումներով հույս են փայփայում, որ այս տարի նախատեսվածից առնվազն 40 մլրդ դրամով ավելի հարկեր կհավաքեն ու այդ գումարով կփակեն թոշակների բարձրացման ծախսերի կեսը։ Հարկային տարվա առաջին 2 ամիսն արդեն անցյալում են ու այդ ամիսներին հավաքված հարկերը բոլորովին էլ նման հիմքեր չեն տալիս։ Առավել ևս, որ առաջիկայում՝ ինչպես տնտեսական, այնպես էլ՝ բյուջետային խնդիրները կարող են սրվել՝ կապված տարածաշրջանային անկայունության ու Հայաստանում սպասվող ներքին քաղաքական պրոցեսների ակտիվացման հետ։

Թոշակների ավելացման համար անհրաժեշտ գումարի մյուս կեսն էլ մտադիր են վերցնել պահուստային ֆոնդից։ Մոռացել են, թե ինչի համար է պահուստային ֆոնդը։

Պահուստային ֆոնդը նրա համար է, որ ֆորս-մաժորի դեպքում կայունացնեն երկրի տնտեսական ու ֆինանսական իրավիճակը։ Իսկ ի՞նչ են անում Հայաստանի այսօրվա կառավարիչները. Պահուստային ֆոնդի գումարներով փորձում են լուծել իրենց քաղաքական ու վերարտադրության խնդիրները՝ անտեսելով հետագայի հնարավոր վտանգները։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

13/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.54
+0.1
Եվրո (EUR)
432.7
-3.55
Ռուբլի (RUR)
4.6847
-0.0786
Լարի (GEL)
138.5
+0.27
62270
-618
Արծաթ
1056.4
+10