Amazon-ն աշխատում է արհեստական բանականությամբ սմարթֆոն ստեղծելու ուղղությամբ
Amazon-ը մշակում է սմարթֆոն՝ Transformer կոդային անվամբ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ նախագծով զբաղվում է սարքերի և ծառայությունների բաժինը։ Ենթադրվում է, որ նոր հեռախոսը կկարողանա սինխրոնացվել Alexa ձայնային օգնականի հետ և անձնականացման շնորհիվ կհեշտացնի Amazon-ից ապրանքների և Grubhub-ի նման գործընկերներից սննդի պատվիրումը, ինչպես նաև Prime Video և Prime Music հոսքային հարթակների օգտագործումը։
Նախագծի հիմնական խնդիրներից մեկը արհեստական բանականության ֆունկցիաների ինտեգրումն է։ Դրա շնորհիվ կարող է անհետանալ ավանդական հավելվածների խանութների անհրաժեշտությունը։
Alexa-ն, ամենայն հավանականությամբ, կդառնա սարքի հիմնական տարրերից մեկը, սակայն դրա հիմնական օպերացիոն համակարգը կարող է լինել այլ:
Amazon-ը դիտարկել է ինչպես դասական սմարթֆոնի, այնպես էլ այսպես կոչված feature phone-ի (սահմանափակ ֆունկցիոնալությամբ հեռախոս) տարբերակները, որը կարող է օգնել էկրանի նկատմամբ կախվածության դեմ պայքարում։
Աղբյուրների խոսքով՝ մշակողները ներշնչվել են նաև Light Phone-ից՝ մինիմալիստական սմարթֆոնից, որն ունի տեսախցիկ, քարտեզ և օրացույց, սակայն չունի բրաուզեր, հավելվածների խանութ և բազմաթիվ այլ գործառույթներ։ Նման սարքի արժեքը կազմում է 700 դոլար։
Transformer նախագիծը վերահսկում է մոտ մեկ տարի առաջ ստեղծված ZeroOne թիմը, որի առջև դրված է «բեկումնային» գաջեթների ստեղծման խնդիր։ Թիմը ղեկավարում է Microsoft-ի նախկին թոփ-մենեջեր Ջեյ Ալարդը, ով մասնակցել է Xbox խաղային կոնսոլի և Zune նվագարկչի մշակմանը։
Նոր հեռախոսի ենթադրվող գինը, սպասվող եկամուտը և նախագծի բյուջեն անհայտ են։ Իրականացման ժամկետները նույնպես հստակ չեն։ Ռազմավարության փոփոխության կամ ֆինանսական պատճառներով նախագիծը կարող է նույնիսկ ամբողջությամբ փակվել։ Միաժամանակ Amazon-ը դեռ չի ընտրել բջջային օպերատոր, որը կարող է դառնալ այս նախագծի գործընկեր:
2014 թվականին ընկերությունը ներկայացրել էր իր առաջին սմարթֆոնը՝ Fire Phone-ը։ Նախագիծը անձամբ ղեկավարել էր ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը։ Նա ցանկանում էր ստեղծել գնումների վրա կենտրոնացած սմարթֆոն, որը կարող էր մրցել iPhone-ի հետ՝ շնորհիվ հարմար առաքման և Amazon Prime ծրագրի շրջանակում առաջարկվող զեղչերի։
Սմարթֆոնները նաև հնարավորություն կտային հավաքել մեծ քանակությամբ տվյալներ օգտատերերի մասին՝ ներառյալ նրանց գնումների պատմությունն ու բովանդակության նախընտրությունները։
Fire Phone-ը հագեցած էր գործիքով, որը կարող էր տեսախցիկի միջոցով ճանաչել ապրանքները, գտնել դրանք Amazon-ում և ավելացնել զամբյուղում։ Բացի այդ, օգտատերերը ստանում էին Amazon Prime-ի մեկ տարվա անվճար բաժանորդագրություն։
Սակայն սմարթֆոնը աշխատում էր Fire OS սեփական օպերացիոն համակարգով, և դրանում չկային Android և iOS հարթակների համար հասանելի հայտնի հավելվածներ։ Բացի այդ, բարդ եռաչափ գրաֆիկայի տեխնոլոգիաները արագ սպառում էին մարտկոցը և հաճախ առաջացնում գերտաքացում։
Fire Phone-ի վաճառքները թույլ էին, և Amazon-ը իջեցրեց դրա գինը 649 դոլարից մինչև 159 դոլար, իսկ գործարկումից 14 ամիս անց ամբողջությամբ փակեց նախագիծը՝ գրանցելով 170 միլիոն դոլարի կորուստ՝ չվաճառված պաշարների պատճառով։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

