Մեկնարկել է «Հայացք ապագային» խորագրով երիտասարդական կազմակերպությունների էքսպո-համաժողով
ՀՀ կառավարության նիստերի դահլիճում մեկնարկել է «Հայացք ապագային» խորագրով երիտասարդական կազմակերպությունների էքսպո-համաժողով:
Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում անցկացվող ցուցահանդես-համաժողովում առանձին տաղավարներով ներկայացված են երիտասարդական ոլորտում գործունեություն ծավալող ավելի քան 60 կազմակերպություններ՝ Երևանից և մարզերից։
Համաժողովը կազմակերպվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ:
Համաժողովի բացմանը մասնակցել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը շրջել է տաղավարներով՝ ծանոթացել կազմակերպությունների գործունեությանն ու ծրագրերին:
Եռօրյա ցուցահանդես-համաժողովում երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները կկազմակերպեն տարբեր քննարկումներ՝ բարձրացնելով այդ ոլորտում իրականացվող գործունեության մասին տեղեկացվածությունը, նպաստելով նաև երիտասարդական և ուսանողական կառույցների համագործակցությանը պետական, միջազգային կազմակերպությունների հետ:
Ցուցահանդես-համաժողովի աշխատանքների արդյունքում կհրատարակվի տեղեկատվական գրքույկ մասնակիցների վերաբերյալ:
Նախատեսվում է նաև ընդունել հայ երիտասարդության խնդիրների մասին հայտարարագիր: