Սինդիկացված պետական պարտատոմսերի տեղաբաշխումն աշխարհում առաջին կիսամյակում հասել է ռեկորդային 504 մլրդ դոլարի
Աշխարհի տարբեր երկրների կառավարություններն այս տարի ռեկորդային տեմպերով միջոցներ են ներգրավում սինդիկացված պարտատոմսերի շուկաներում՝ պետական ծախսերի կտրուկ աճի ֆոնին։
Առաջին կիսամյակում սուվերեն էմիտենտները վաճառել են 504 մլրդ դոլարի պարտքային պարտավորություններ, ըստ Bloomberg գործակալության հաշվարկների։ Սա գերազանցում է 2020 թվականի հունվար-հունիսի ցուցանիշը, երբ երկրները միջոցներ էին ներգրավում COVID-19-ի պատճառով սահմանված լոքդաունների ժամանակ տնտեսություններին աջակցելու համար։
Պետական բյուջեների դեֆիցիտները աճում են համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր։ Համավարակի ընթացքում իրավիճակը վատթարացել էր, իսկ այժմ միջոցների պակասը կրկին մեծանում է, քանի որ կառավարությունները ավելացնում են պաշտպանական ծախսերը և փորձում են տնային տնտեսություններին պաշտպանել Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտությամբ պայմանավորված գնային շոկերից։ Բնակչության ծերացումը և տոկոսադրույքների աճը նույնպես բացասական գործոններ են։
«Ծավալը որոշող հիմնական գործոնը, ըստ էության, պետական ծախսերի աճն է և, հետևաբար, ֆինանսավորման կարիքների մեծացումը», — կարծում է Danske Bank AS-ի գլխավոր վերլուծաբան Յենս Պետեր Սորենսենը՝ մատնանշելով ռազմական կարիքների, ենթակառուցվածքների և «մաքուր» էներգետիկայի անցման ծախսերի աճը։
Սինդիկացված գործարքներից ստացված գումարները չնչին են պետական պարտատոմսերի սովորական աճուրդային տեղաբաշխումների ծավալների համեմատ, հիմնականում այն պատճառով, որ ԱՄՆ-ը կիրառում է միայն վերջին տարբերակը։ Սակայն պետական պարտատոմսերի վաճառքի համար բանկերի ներգրավումը տարածված է այլ երկրներում, հատկապես Եվրոպայում։ Շուկաների անկայունության պայմաններում դա կարող է լինել ավելի քիչ ռիսկային տարբերակ, նշում է գործակալությունը։
Վերջին տասը տարիներից ութում Իտալիան եղել է սինդիկացված պետական պարտատոմսերի շուկայում խոշորագույն վարկառուն։ 2026 թվականին այն կրկին առաջատարն է՝ կես տարում ներգրավելով գրեթե 70 մլրդ եվրո, ըստ Bloomberg-ի տվյալների։
Գերմանիան այս տարի երեք սինդիկացված գործարքի շրջանակում տեղաբաշխել է 14 մլրդ եվրոյի պարտատոմսեր, մինչդեռ Մեծ Բրիտանիան, Բելգիան և Սերբիան իրականացրել են իրենց պատմության ամենախոշոր գործարքները։ Այս տարվա տասը խոշորագույն էմիտենտների շարքում են նաև Ավստրալիան և Մեքսիկան։
Չորեքշաբթի Հունաստանը պետք է իրականացնի 2036 թվականին մարման ժամկետով պետական պարտատոմսերի սինդիկացված տեղաբաշխում։ Առաջիկայում Շվեդիան նույնպես նախատեսում է վաճառել եռամյա եվրապարտատոմսեր։
«Երկրորդ կիսամյակում շուկա կրկին մեծ ծավալով եվրագոտու սուվերեն պարտատոմսեր կմտնեն», — կարծում է Insight Investment-ի գլոբալ տոկոսադրույքների բաժնի ղեկավար Հարվի Բրեդլին։
