Եվրոգոտում գնաճը հունիսին դանդաղել է մինչև 2.8%՝ գերազանցելով սպասումները
Եվրոգոտում սպառողական գները հունիսին տարեկան կտրվածքով աճել են 2.8%-ով, ասվում է Եվրոպական միության վիճակագրական ծառայության (Eurostat) հրապարակած նախնական տվյալներում։
Այսպիսով, գնաճը դանդաղել է նախորդ ամսվա համեմատ, երբ այն կազմել էր 3.2%։
Trading Economics-ի տվյալներով՝ վերլուծաբանների կոնսենսուս կանխատեսումը ենթադրում էր, որ հունիսին սպառողական գներն աճելու են 3%-ով։
Նախնական տվյալների համաձայն՝ հունիսին էներգակիրների գները տարեկան կտրվածքով աճել են 8.7%-ով՝ մայիսի և ապրիլի 10.8% աճից հետո։
Ծառայությունների գների աճը դանդաղել է մինչև 3.2%՝ նախորդ ամսվա 3.5%-ից, սննդամթերքի, ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրանքի գների աճը՝ մինչև 1.6%՝ 1.9%-ից, իսկ արդյունաբերական ապրանքների գների աճը պահպանվել է 0.9% մակարդակում։
Սննդամթերքի և էներգակիրների գները բացառող հիմնական սպառողական գների ինդեքսը (Core CPI) տարեկան կտրվածքով աճել է 2.4%-ով՝ մեկ ամիս առաջ գրանցված 2.6%-ից հետո։ Փորձագետները կանխատեսում էին, որ ցուցանիշը կմնա մայիսյան մակարդակում։
Ամսական կտրվածքով եվրոգոտում սպառողական գները հունիսին նվազել են 0.1%-ով՝ հունվարից ի վեր առաջին անգամ։ Մայիսին արձանագրվել էր նույն չափի՝ 0.1% աճ։
Եվրոգոտում հունիս ամսվա գնաճի վերջնական տվյալները կհրապարակվեն հուլիսի 17-ին։
