DeepSeek-ը 2027-ին պատրաստվում է IPO-ի
Չինական DeepSeek ստարտափը, որը մշակում է արհեստական բանականության մոդելներ, սկսել է նախապատրաստվել բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխմանը։ Bloomberg-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ընկերությունը նախատեսում է IPO-ի հայտ ներկայացնել ընթացիկ տարում կամ հաջորդ տարվա սկզբին։ Աղբյուրների խոսքով՝ հայտի ներկայացման ժամկետները կախված կլինեն ֆինանսական հաշվետվությունների պատրաստ լինելուց։ Եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրի, DeepSeek-ը կարող է մայրցամաքային Չինաստանի ֆոնդային բորսա դուրս գալ 2027 թվականին։
IPO-ից առաջ DeepSeek-ը մտադիր է նաև ներգրավել լրացուցիչ ֆինանսավորում։ Ակնկալվում է, որ ներդրումների երկրորդ փուլում ընկերությունը կկարողանա ներգրավել առնվազն 10 մլրդ յուան (մոտ 1.48 մլրդ դոլար), իսկ դրա գնահատականը կհասնի առնվազն 480 մլրդ յուանի (մոտ 71 մլրդ դոլար)։ Ընդ որում՝ առաջին ներդրումային փուլում ԱԲ ստարտափն արդեն ներգրավել էր 7.4 մլրդ դոլար, ինչից հետո նրա գնահատականը գերազանցել էր 50 մլրդ դոլարը՝ դարձնելով DeepSeek-ը Չինաստանի արհեստական բանականության ոլորտի ամենաթանկ ստարտափը։
Ընկերության հիմնադիր Լյան Վենֆենը DeepSeek-ում անձամբ ներդրել է 3 մլրդ դոլար։ Bloomberg Billionaires Index-ի տվյալներով՝ ֆինանսավորման վերջին փուլից հետո նրա մասնաբաժինը 90%-ից նվազել է մինչև 78%։ Միևնույն ժամանակ նրա կարողությունն ավելի քան կրկնապատկվել է՝ աճելով մոտ 16.7 մլրդ դոլարից մինչև 36 մլրդ դոլար։ Դա Լյան Վենֆենին դարձնում է արհեստական բանականության մոդելներ մշակող ընկերությունների ամենահարուստ հիմնադիրն աշխարհում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Reuters-ը, ֆինանսավորման փուլն ունեցել է անսովոր կառուցվածք, որը թույլ է տվել Լյան Վենֆենին պահպանել վերահսկողությունը ընկերության նկատմամբ։
Ֆինանսավորման պայմաններով ներդրողները միջոցները ուղղակիորեն չեն ներդրել DeepSeek-ում, այլ ներդրում են կատարել սահմանափակ պատասխանատվությամբ գործընկերությունում, որը կառավարվում է ստարտափի գլխավոր տնօրենի կողմից։ Ընդ որում՝ ներդրողները չեն ստացել քվեարկության իրավունք, իսկ նրանց ներդրած միջոցները սառեցվել են հինգ տարի ժամկետով։
Այս կանոնից միակ բացառությունը եղել է Չինաստանի Արհեստական բանականության արդյունաբերության ազգային ներդրումային հիմնադրամը, որը DeepSeek-ում ուղղակիորեն ներդրել է շուրջ 150 մլն դոլար։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

