ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱԳԱՀ ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԻՆ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե եւ կոմիտեի աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախագահ Երվանդ Զախարյանին։
Վարչապետը նշել է, որ Երվանդ Զախարյանն ունի աշխատանքային հարուստ փորձ ու կենսագրություն, որը կնպաստի նաեւ նոր պաշտոնում աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը։ Ըստ Տիգրան Սարգսյանի, չնայած անցած տարիների լուրջ ձեռքբերումներին, անշարժ գույքի կադաստրի համակարգում դեռեւս շատ անելիքներ կան, մանավանդ որ հասարակությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավումը ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի կարեւոր կետերից է։
Երվանդ Զախարյանն իր խոսքում եւս ընդգծել է ժամանակակից չափանիշներին համապատասխանող անշարժ գույքի կադաստրի համակարգի ստեղծման ուղղությամբ իրականացված լուրջ աշխատանքը, համոզմունք հայտնելով, որ կառույցում առկա մասնագիտական բարձր որակավորում ունեցող աշխատակիցների հետ համատեղ հնարավոր է հաջողությամբ լուծել համակարգի առջեւ կանգնած արդիական խնդիրները, ապահովել ծառայությունների բարձր որակ։
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Մանուկ Վարդանյանին` ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում անշարժ գույքի կադաստրի համակարգի ձեւավորման եւ կայացման ուղղությամբ կատարած լուրջ աշխատանքի համար։ Տիգրան Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ապահովելով շարունակականությունը, Երվանդ Զախարյանին կհաջողվի նոր թափ հաղորդել կառույցում իրականացվող աշխատանքներին։