Netflix-ը 587 միլիոն դոլար է վճարել Բեն Աֆլեքի՝ արհեստական բանականության միջոցով կինոարտադրության ստարտափի համար
ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողով (SEC) ներկայացված նոր հաշվետվության համաձայն՝ Netflix-ը 587 միլիոն դոլար կանխիկ է վճարել InterPositive ստարտափի համար, որի համահիմնադիրներից մեկը դերասան և ռեժիսոր Բեն Աֆլեքն է։
TechCrunch-ի հաղորդմամբ՝ հոսքային ծառայությունը ընկերության ձեռքբերման մասին հայտարարել էր դեռևս մարտին։ Այն ժամանակ Աֆլեքը հայտարարել էր, որ իր նպատակն է «պահպանել մարդկային ստեղծագործականության ուժը»։ Նրա խոսքով՝ InterPositive-ի մշակած՝ արհեստական բանականության վրա հիմնված գործիքներն օգնում են կինոգործիչներին հետարտադրության փուլում բարելավել նկարահանված նյութը՝ լուծելով այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են անհրաժեշտ կադրերի բացակայությունը, ֆոնի փոխարինումը կամ լուսավորման սխալները։
Գործարքի մասին հայտարարության պահին Netflix-ը հայտնել էր, որ InterPositive-ի ամբողջ թիմը կտեղափոխվի ընկերություն, իսկ Բեն Աֆլեքը կդառնա ավագ խորհրդատու։ Գործարքի ֆինանսական պայմաններն այն ժամանակ չէին հրապարակվել, գրում է TechCrunch-ը։ Ավելի ուշ Bloomberg-ը հայտնել էր, որ գործարքի արժեքը կարող էր հասնել 600 միլիոն դոլարի։
Netflix-ը վերջին ֆինանսական հաշվետվության մեջ նաև հայտնել է, որ հարթակում արդեն շուրջ 300 ֆիլմ և սերիալ է ստեղծվել գեներատիվ արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառմամբ։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

