ՕՊԵԿ+-ի մոնիթորինգային կոմիտեն ընդգծել է էներգակիրների մատակարարման համար ծովային ուղիների պաշտպանության կարևորությունը
ՕՊԵԿ+-ի Միասնական նախարարական մոնիթորինգային կոմիտեն, որի կազմում ընդգրկված են Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը, Իրաքը, ԱՄԷ-ն, Քուվեյթը, Ղազախստանը, Նիգերիան, Ալժիրը և Վենեսուելան, հերթական նիստի ավարտին ընդգծել է միջազգային ծովային ուղիների պաշտպանության բացառիկ կարևորությունը՝ էներգակիրների անխափան մատակարարումներ ապահովելու համար։ Այդ մասին նշվում է OPEC-ի հրապարակած մամուլի հաղորդագրությունում։
Նիստի մասնակիցները նաև մտահոգություն են հայտնել էներգետիկ ենթակառուցվածքների վրա իրականացվող հարձակումների կապակցությամբ։
«Վնասված էներգետիկ ակտիվների ամբողջական վերականգնումը պահանջում է զգալի ծախսեր և երկար ժամանակ, ինչը բացասաբար է անդրադառնում էներգամատակարարման ընդհանուր հասանելիության վրա։ JMMC-ն ընդգծում է, որ ցանկացած գործողություն, որը վտանգում է էներգետիկ անվտանգությունը՝ լինի դա ենթակառուցվածքների վրա հարձակում, թե միջազգային ծովային ուղիների խափանում, մեծացնում է շուկայի տատանողականությունը և թուլացնում արտադրողների, սպառողների և համաշխարհային տնտեսության շահերից բխող շուկայի կայունության պահպանման համատեղ ջանքերը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Կոմիտեն նիստի ընթացքում նաև վերլուծել է մայիս և հունիս ամիսների նավթի արդյունահանման տվյալները՝ արձանագրելով OPEC+ համաձայնագրի ընդհանուր կատարողականը։
JMMC-ն կշարունակի ուշադիր հետևել շուկայական իրավիճակին և իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտության դեպքում հրավիրել լրացուցիչ նիստեր կամ նախաձեռնել ՕՊԵԿ+-ի նախարարական հանդիպումներ։
