AMX. 2026թ.-ի հուլիս ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է 2026 թվականի հուլիս ամսվա շուկայական տվյալները։ Ամսվա ընթացքում պահպանվել է դինամիկ առևտրային միջավայրը՝ ընդգծելով ներդրողների աճող վստահությունը և շուկայական ակտիվությունը։
Հուլիսին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հարթակում տեղաբաշխվել է ավելի քան 87․1 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս, իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 70 գործարք՝ ավելի քան 25․8 մլրդ ՀՀ դրամ ծավալով, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 759%-ով։
Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առևտրի ծավալի 118% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ կազմելով ավելի քան 16․5 մլրդ ՀՀ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 1798 գործարք՝ հուլիսի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 208 կորպորատիվ պարտատոմսերով։ Ընթացիկ ամսում իրականացվել է կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, որի ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 2․3 մլրդ ՀՀ դրամ։ Այս կայուն աճը արտացոլում է կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ առողջ պահանջարկը։
Բաժնետոմսերի շուկայում առևտրի ծավալը կազմել է ավելի քան 207․4 մլն ՀՀ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ ավելի քան 426 մլրդ ՀՀ դրամ։ Բաժնետոմսերով կնքվել է 250 գործարք։
Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 32.1 մլրդ ՀՀ դրամ: Հուլիս ամսին կնքվել է 218 ռեպո գործարք, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 548%-ով։
Հուլիսին ՀՖԲ արտարժույթի շուկայում իրականացվել է ԱՄՆ դոլարի փոխանակման 6 գործարք՝ ավելի քան 779․2 մլն ՀՀ դրամ ծավալով։ Ամսվա ընթացքում փոխարժեքի գինը ձևավորվել է 367-ից 367․9 դրամի միջակայքում։
Ամսական տվյալների համեմատական գրաֆիկները կարող եք տեսնել AMX-ի պաշտոնական կայքում:
AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի ակտիվների պահառության և ռեեստրավարման ոլորտում:
