Մեծ Բրիտանիան տարեկան կորցնում է 125 միլիարդ ֆունտ ստերլինգ՝ չաշխատող երիտասարդների պատճառով
Մեծ Բրիտանիան ամեն տարի կորցնում է մոտ 125 միլիարդ ֆունտ ստերլինգ՝ այն երիտասարդների պատճառով, որոնք չեն սովորում և չեն աշխատում։ Այս մասին հայտնել է The Guardian թերթը։
Թերթի տեղեկություններով՝ այսպես կոչված NEET (Not in Education, Employment or Training՝ չեն սովորում, չեն աշխատում և չեն անցնում մասնագիտական վերապատրաստում) կատեգորիային է պատկանում երկրի ավելի քան մեկ միլիոն բնակիչ։ Այս սերունդը մեծացել է 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի և COVID-19 համավարակի պայմաններում, իսկ այժմ բախվում է գների աճին, պետական ծառայությունների կրճատմանը և արհեստական բանականության պատճառով աշխատաշուկայի փոփոխություններին։
Երիտասարդներին ուղղված ծառայությունների ոլորտում ծախսերը նվազել են 76%-ով, ինչի հետևանքով փակվել են երիտասարդական ակումբներ, իսկ սոցիալական աշխատողների թիվը կրճատվել է։
Միացյալ Թագավորության Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում գործազրկության ընդհանուր մակարդակը 2025 թվականի դեկտեմբերին կազմել է 5.2%, ինչը 2021 թվականի հունվարից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։ 2024 թվականի հուլիսին, երբ իշխանության եկավ Լեյբորիստական կուսակցությունը, գործազրկության մակարդակը կազմում էր 4.1%։
Աշխատատեղերի պակասի խնդրին հատկապես հաճախ են բախվում 18-24 տարեկան երիտասարդները։ Այս տարիքային խմբում գործազրկության մակարդակը կազմում է 14%։
