Intel-ը և Nvidia-ն հայտարարեցին արհեստական բանականության ոլորտում բազմամիլիարդանոց ֆինանսավորման ծրագրերի մասին
ԱՄՆ-ի տեխնոլոգիական հսկաներ Intel-ը և Nvidia-ն հայտարարել են արհեստական բանականության ոլորտում աճող պահանջարկը բավարարելուն ուղղված խոշոր ֆինանսական նախաձեռնությունների մասին, հաղորդում է CNBC-ն։
Intel-ը վերջերս մեկ երրորդով մեծացրել է բաժնետոմսերի տեղաբաշխման ծրագիրը՝ այն հասցնելով 20 մլրդ դոլարի, իսկ մեկ բաժնետոմսի տեղաբաշխման գինը սահմանվել է 95 դոլար։ Սկզբնական՝ 15 մլրդ դոլարի ծրագիրը հայտարարվել էր օրերս, որից հետո չիպեր արտադրողի բաժնետոմսերի գինը նվազել էր 4%-ով։ Ներգրավված միջոցները նախատեսվում է ուղղել երրորդ կողմի պատվիրատուների համար չիպերի պայմանագրային արտադրության բիզնեսի ընդլայնմանը։ Փորձագետների գնահատմամբ՝ կորպորացիան արդեն իսկ պայմանավորվածություններ ունի նոր հաճախորդների հետ։
Միաժամանակ Nvidia-ի բաժնետոմսերը չափավոր աճ են գրանցել 500 մլրդ դոլարի ֆինանսավորման ծրագրի հայտարարությունից հետո, որն իրականացվելու է Ուոլ Սթրիթի խոշորագույն ֆինանսական կազմակերպությունների, այդ թվում՝ Goldman Sachs-ի հետ համատեղ։ Գրաֆիկական պրոցեսորների մշակմամբ զբաղվող ընկերության ղեկավարությունը նշում է, որ հաշվարկային հզորությունները վերածվում են ներդրումային ակտիվների նոր դասի։ Նախաձեռնության նպատակն է ապահովել տվյալների մշակման կենտրոնների կառուցման համար անհրաժեշտ հսկայական կապիտալի ներգրավումը՝ շուկայում առկա առաջարկի պակասի պայմաններում։
