Սինգապուրը ծնելիության մակարդակը բարձրացնելու նպատակով ընտանիքներին յուրաքանչյուր երեխայի համար ավելի քան 55 հազար դոլար կտրամադրի
Սինգապուրը ներկայացրել է ընտանիքներին ավելի շատ երեխաներ ունենալու խրախուսմանն ուղղված միջոցառումների փաթեթ՝ ծնողներին յուրաքանչյուր երեխայի համար առաջարկելով ավելի քան 55 հազար դոլար։ Քաղաք-պետությունը պայքարում է ծնելիության անկման դեմ, որի հետևանքով այն դարձել է աշխարհի ամենաարագ ծերացող երկրներից մեկը, նշում է Financial Times-ը։
Վարչապետն իր ամենամյա ուղերձում հայտարարել է երեխաների համար նախատեսված վճարների և երեխայի խնամքի արձակուրդի համակարգի վերանայման մասին։
Կառավարությունը ցանկանում է միջոցներ ձեռնարկել, որպեսզի «երեխա ունենալ ցանկացող սինգապուրցիների համար ավելի հեշտ լինի ընտանիք կազմելն ու երեխաներ դաստիարակելը»։
Սինգապուրի բնակչությունը փոքր-ինչ գերազանցում է 6 միլիոնը։ 2025 թվականին երկրում գրանցվել է ծնելիության ռեկորդային ցածր մակարդակ՝ մեկ կնոջ հաշվով 0.87 երեխա՝ 2024 թվականի 0.97-ի համեմատ։ Աշխարհում ամենացածր ցուցանիշը գրանցվել է Հարավային Կորեայում՝ 0.8։
Ժողովրդագրագետների գնահատմամբ՝ մաքուր ներգաղթի բացակայության պայմաններում բնակչության կայուն թվաքանակը պահպանելու համար անհրաժեշտ է ծնելիության 2.1 մակարդակ։
Ծնելիության նվազումը, կյանքի տևողությունը երկարացնող առողջապահական համակարգի ձեռքբերումների հետ մեկտեղ, Սինգապուրը հասցրել է «գերծերացող» հասարակության վերածվելու շեմին։ ՄԱԿ-ի սահմանմամբ՝ այդ կարգավիճակը վերաբերում է այն երկրներին, որտեղ բնակչության ավելի քան 21%-ը 65 տարեկանից բարձր է։
Սպասվում է, որ մինչև 2030 թվականը յուրաքանչյուր չորրորդ սինգապուրցին կհասնի այդ տարիքային շեմին։
Երկրի վարչապետի խոսքով՝ կառավարությունը յուրաքանչյուր երեխայի համար մինչև նրա 17 տարին լրանալը ընտանիքներին կտրամադրի գրեթե 70 հազար սինգապուրյան դոլար՝ 55.15 հազար ԱՄՆ դոլարի չափով, ուղղակի ֆինանսական աջակցության տեսքով։
Այս գումարը ներառում է երեխայի ծննդյան ժամանակ տրամադրվող 10 հազար դոլարի չափով վճար և նրա հետագա կրթության համար նախատեսված ևս 10 հազար դոլար։
Կընդլայնվի նաև երեխայի խնամքի նպաստը, հատկապես բազմազավակ ընտանիքների համար, ընդ որում՝ ծախսերի հիմնական մասը կփոխհատուցի կառավարությունը գործատուներին։
Բացի այդ, կառավարությունը կհեշտացնի երեխաներ ունեցող ընտանիքների համար առաջին բնակարանի ձեռքբերումը։
