ԱՄՆ-ն սպառնացել է պատժամիջոցներով Իրանի առանցքային առևտրային գործընկերներին
ԱՄՆ իշխանությունները հայտարարել են լայնածավալ տնտեսական արշավի մեկնարկի մասին, որի նպատակն է Իրանին մեկուսացնել համաշխարհային ֆինանսական համակարգից, հայտնում է CNBC-ն։
Վաշինգտոնի նախաձեռնությունը սպառնալիքի տակ է դնում Թեհրանի առևտրային կապերն առանցքային գործընկերների հետ։ ԱՄՆ կառավարության տվյալներով՝ իրանական նավթի խոշորագույն գնորդը Չինաստանն է, որին բաժին է ընկնում հումքի արտահանման մոտ 90%-ը։
2025 թվականին երկու երկրների միջև երկկողմ առևտրի ծավալը կազմել է 9.96 մլրդ դոլար՝ չհաշված մոտ 31.2 մլրդ դոլար արժողությամբ էներգակիրների ստվերային մատակարարումները։
Փորձագետները նշում են, որ չինական ընկերությունները հաճախ վճարումներն իրականացնում են դոլարային համակարգից դուրս գործող միջնորդների միջոցով։ Սակայն այժմ պետական բանկերը գաղտնի կերպով կխստացնեն վերահսկողությունը սահմանափակումների պահպանման նկատմամբ։
Բացի Չինաստանից, ռիսկի գոտում են հայտնվել նաև ԱՄԷ-ն, Թուրքիան և Հնդկաստանը, որոնք շարունակում են գնել իրանական էներգակիրներ և մատակարարել արդյունաբերական ապրանքներ։
Այս տարվա սկզբին ԱՄՆ ֆինանսների նախարարությունն արդեն թիրախային սահմանափակումներ էր սահմանել մի շարք անկախ նավթավերամշակող ընկերությունների նկատմամբ՝ իրանական նավթ գնելու համար։ Սակայն մինչ այժմ այդ միջոցները չէին տարածվել խոշոր ֆինանսական հաստատությունների վրա։
Ապրիլին Վաշինգտոնը ժամանակավորապես չեղարկել էր հումքի արտահանման արգելքը, ինչը որոշ երկրներին հնարավորություն էր տվել երկարատև ընդմիջումից հետո վերականգնել առևտուրը։ Սակայն այժմ այդ առևտրային հարաբերությունները կրկին լուրջ փորձության են ենթարկվելու։
