Բիլ Գեյթս․ Արհեստական բանականությունն ավելի վտանգավոր է, քան խոշոր տեխնոլոգիական ընկերությունները պատրաստ են ընդունել դա
Միլիարդատեր և Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը բացահայտ նախազգուշացնում է, որ արհեստական բանականությունը լուրջ սպառնալիք է աշխատատեղերի և մարդկային կյանքի համար, իսկ դրա հետ կապված ռիսկերի հրատապ լուծումը պետք է դառնա «ամբողջ աշխարհի գլխավոր առաջնահերթությունը»։
The New York Times-ին տված հարցազրույցում Գեյթսը հայտարարել է, որ տեխնոլոգիական ոլորտը միտումնավոր նվազեցնում է այդ սպառնալիքների կարևորությունը, քանի որ խաղադրույքի տակ չափազանց մեծ գումարներ են։
«Մասնավոր զրույցներում մարդիկ, ովքեր հասկանում են, թե որքան լավն են այս տեխնոլոգիաները և որքան արագ են դրանք կատարելագործվում, շատ անհանգստացած են», – ասել է նա։ Սակայն, Գեյթսի խոսքով, տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներից քչերն են պատրաստ դա հրապարակայնորեն ընդունել, – «Նրանք հիմա միմյանց ասում են․ «Հեյ, ընկեր, այս մասին մի խոսիր։ Դա մեզ համար վատ է, քանի որ մենք փորձում ենք ներգրավել հաջորդ տրիլիոն դոլարը»»։
Նա հայտարարել է, որ համապատասխան միջոցներ չձեռնարկելու դեպքում աշխատատեղերի զանգվածային կորուստն անխուսափելի է, քանի որ արհեստական բանականությունը տարածվելու է ամբողջ տնտեսության մեջ, և արդյունքում չի մնա որևէ ոլորտ, որը կարող է աշխատանքի ընդունել մեկ այլ ոլորտում աշխատանքը կորցրած աշխատակիցներին։ Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները, այդ թվում՝ Microsoft-ը, մրցակցելով միմյանց հետ, օգնում են կորպորատիվ հաճախորդներին ներդնել արհեստական բանականություն, որը կարող է փոխարինել սովորական աշխատակիցներին։
Գեյթսի խոսքով՝ ընկերությունները պարզապես արձագանքում են շուկայի խթաններին, սակայն այդ խթանները կարող են հակասել հասարակության համար առավել շահավետ լուծումներին։
Նա առաջարկել է ներդնել արհեստական բանականության օգտագործման նոր հարկ, որը հայտնի է որպես «թոքենների հարկ» (token tax), որպեսզի մարդկանց արհեստական բանականությամբ փոխարինումը դառնա ավելի ծախսատար, իսկ ստացված միջոցներն ուղղվեն աշխատանքը կորցրած մարդկանց աջակցությանը։
Գեյթսը կարծում է, որ որոշ մասնագիտություններ ընդհանրապես չպետք է փոխանցվեն արհեստական բանականությանը։ Այս հայեցակարգը նա անվանել է «Human Reserved» («վերապահված է մարդուն»), քանի որ նման աշխատանքն ունի խորապես անձնական բնույթ, օրինակ՝ մարդկանց խնամքը։
«Ես չեմ սիրում մարդկանց վատ լուրեր հայտնել և չեմ սիրում ասել, որ նորարարությունները, ի վերջո, կարող են ավելի շատ վնաս, քան օգուտ բերել: Բայց հենց այս իրավիճակում ենք մենք հիմա հայտնվել», – ասել է Գեյթսը։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

