Ռոբերտ Կիյոսակին 1.2 մլրդ դոլարի պարտք ունի
Ռոբերտ Կիյոսակին հայտարարել է, որ 1.2 մլրդ դոլար պարտք ունի։ Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գրքի հեղինակը այդ գումարը փոխառել է բազմաբնակարան շենքերը որպես գրավ օգտագործելով, ոչ թե բիթքոյնը և ոսկին, որոնք նա ակտիվորեն խորհուրդ է տալիս իր միլիոնավոր հետևորդներին։
Ինչպես գրում է BeinCrypto-ն, նրա նախկին կինը և գործարար գործընկերը՝ Քիմ Կիյոսակին, հայտարարել է, որ այդ գումարը ներառում է մոտ 1500 անշարժ գույքի օբյեկտների համար գործընկերների հետ համատեղ ձևակերպված պարտավորությունները։ Նրա խոսքով՝ Կիյոսակիի անձնական պարտքային պարտավորությունները զգալիորեն ավելի փոքր են, քան հրապարակայնորեն հնչեցված 1.2 մլրդ դոլար աղմկահարույց թիվը։
Vanity Fair պարբերականը, որի նյութին հղում է անում New York Post-ը, նրա անձնական պարտավորությունների մասնաբաժինը գնահատում է մոտ 30-60 մլն դոլար՝ ելնելով Կիյոսակիի հայտարարած տարեկան մոտ 3 մլն դոլարի եկամուտից։ Սա ընդամենը փոքր մասն է այն գումարի, որի մասին նա հրապարակայնորեն խոսում է։
Ինչպես գրում է BeinCrypto-ն, նման մեխանիզմը բավականին սովորական է բազմաբնակարան անշարժ գույքի ֆինանսավորման ոլորտում։ Երբ շենքի արժեքն աճում է, սեփականատերերը վերաֆինանսավորում են վարկը և կանխիկ միջոցներ ստանում, որոնք հարկման ենթակա չեն, քանի որ անշարժ գույքը չի վաճառվում։ Բացի այդ, յուրաքանչյուր օբյեկտ գրանցված է առանձին սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անունով, ուստի մեկ օբյեկտի հետ կապված խնդիրները չեն ազդում մյուսների վրա։
Ինչպես նշում է պարբերականը, պարտքերի պատմությունը հատկապես հակասական է թվում, քանի որ Կիյոսակին իր հետևորդներին հիմնականում համոզում է խնայողությունները պահել ոսկու և բիթքոյնի, ոչ թե դոլարի տեսքով։ Հուլիսին նա բիթքոյնը և էթերիումը, ոսկու հետ միասին, անվանել էր պաշտպանություն այն արժույթից, որն ինքը համարում է «կեղծ»։
Սակայն այս ակտիվները վարկերի ապահովում չեն հանդիսանում։ BeinCrypto-ի տվյալներով՝ բիթքոյնը, որն այժմ վաճառվում է մոտ 77 425 դոլարով՝ մեկ օրվա ընթացքում 1.8% անկումից հետո, չի ծառայում հրապարակումներում նկարագրված վարկերից որևէ մեկի ապահովման համար։ Հիփոթեքային վարկերի ապահովումը հենց շենքերն են և դրանց վարձակալությունից ստացվող եկամուտները, նշվում է հոդվածում։
BeinCrypto-ի գնահատմամբ՝ հենց այստեղ է այն հակասությունը, որի մասին Կիյոսակին հազվադեպ է խոսում։ Նա նախազգուշացնում է, որ էժան վարկերը կհանգեցնեն համակարգի փլուզմանն, այն դեպքում, երբ ԱՄՆ պետական պարտքը մոտենում է 40 տրիլիոն դոլարին, սակայն միաժամանակ կառավարում է անշարժ գույքի այնպիսի պորտֆել, որի գոյությունը կախված է հենց նույն վարկերի հասանելիությունից:
