PeopleX-ը 5.4 մլրդ իեն է ներգրավել, որպեսզի արհեստական բանականությունը որոշումներ կայացնի մարդկանց կարիերայի վերաբերյալ
Արհեստական բանականության կիրառմամբ հարցազրույցների ծառայություններ մատուցող PeopleX ընկերությունը հայտարարել է, որ լրացուցիչ 5.4 մլրդ իեն է ներգրավել՝ անձնակազմի կառավարման ոլորտի համար նախատեսված մեծ լեզվական մոդել (LLM) մշակելու նպատակով։
Ընկերությունը մտադիր է LLM-ի հիման վրա կատարելագործել անձնակազմի կառավարման և վաճառքների համար նախատեսված ԱԲ գործիքները։ Այս մասին հայտնել է ճապոնական Nikkei թերթը։
ԱԲ-ի հիմքում ընկած LLM-ի ինքնուրույն մշակումը թույլ կտա ընդլայնել արդեն գոյություն ունեցող գործիքների ֆունկցիոնալ հնարավորությունները, այդ թվում՝ ԱԲ-ի միջոցով հարցազրույցներ անցկացնելու ծառայությունը։ LLM-ը կվերապատրաստվի անձնակազմի կառավարման հետ կապված գիտական աշխատանքների, ինչպես նաև PeopleX-ի գիտելիքների և փորձի հիման վրա, որպեսզի ԱԲ-ն կարողանա համապատասխան որոշումներ կայացնել նույնիսկ այն դեպքերում, երբ հաճախորդն ունի քիչ տվյալներ և նախորդ տարիների աշխատակիցների հավաքագրման վերաբերյալ սահմանափակ կուտակված փորձ։
LLM-ի մշակման համար ընկերությունը 5.4 մլրդ իեն է ներգրավել երրորդ անձանց շրջանում նոր բաժնետոմսերի տեղաբաշխման և փոխառու ֆինանսավորման միջոցով։ Տեղաբաշխմանը մասնակցել են կադրային ծառայությունների խոշոր En ընկերությունը, ինժեներատեխնիկական անձնակազմ տրամադրող Open Up Group խոշոր ընկերությունը, ինչպես նաև PeopleX-ի արդեն գործող ներդրող վենչուրային հիմնադրամները։ Բացի այդ, ընկերությունը ընդհանուր առմամբ 2 մլրդ իեն է փոխառել Sumitomo Mitsui Banking Corporation-ից և Mizuho Bank-ից։
PeopleX-ը հիմնադրվել է 2024 թվականին։ 2025 թվականին ընկերությունը գործարկել է ԱԲ-ի միջոցով հարցազրույցներ անցկացնելու ծառայություն, իսկ 2026 թվականից սկսել է ԱԲ-ի օգնությամբ բիզնես բանակցությունների և հաճախորդների սպասարկման համար դերային մարզումների ծառայություններ մատուցել։ Գլխավոր տնօրեն Դայթի Տատիբանան հայտարարել է, որ ֆինանսավորման այս ներգրավումը կլինի վերջինը նախքան բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումը։
Ընկերությունը նպատակ ունի մինչև 2031 թվականը իր հասույթը հասցնել 100 մլրդ իենի, որի կեսը պետք է ապահովեն ԱԲ-ի հետ կապված ուղղությունները։ Աշխատակիցների հավաքագրման ոլորտում PeopleX-ը կավելացնի ԱԲ-ի միջոցով թեկնածուների փաստաթղթերի նախնական ընտրության և հարցազրուցավարների աշխատանքի գնահատման ծառայություններ։
Բիզնես բանակցությունների ուղղությամբ ընկերությունը նույնպես փուլ առ փուլ կներկայացնի նոր ծառայություններ, որոնք, մասնավորապես, նախատեսված կլինեն բանակցությունների գրանցման և դրանց հետագա վերլուծության համար։
PeopleX-ը նաև մտադիր է միաձուլումների և կլանումների (M&A) գործարքներ իրականացնել կազմակերպչական խորհրդատվության և անձնակազմի հավաքագրման ոլորտներում և մինչև 2031 թվականը այդ ուղղություններին առնչվող բիզնեսներից ստացվող հասույթը հասցնել 50 մլրդ իենի։
Մինչ այժմ ընկերությունը ձեռք է բերել երեք ընկերություն, այդ թվում՝ անձնակազմի հավաքագրմամբ զբաղվող կազմակերպություններ, ինչպես նաև գնել է աշխատակիցների հավաքագրման համար նախատեսված ԱԲ գործիքների ոլորտում գործող բիզնեսներ։ Մինչև 2031 թվականը PeopleX-ը նախատեսում է M&A գործարքներ իրականացնել մոտ 20 ընկերությունների հետ։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

