Համաշխարհային բանկ. Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիր՝ սեպտեմբեր 2026 թ․
- Տնտեսական ակտիվության աճը դանդաղեց՝ հուլիսին կազմելով 6․5 տոկոս (տ/տ), արդյունաբերության թուլացման ֆոնին, իսկ շինարարությունը և ծառայությունները շարունակեցին խթանել աճը։
- Գնաճը հուլիսին աննշան նվազեց հունիսի 4․5 տոկոսի համեմատ՝ կազմելով 4․4 տոկոս, քանի որ սննդամթերքի գների աճի տեմպը դանդաղեց։
- Առևտրային հաշվեկշիռը հուլիսին ավելի ընդլայնվեց՝ գյուղատնտեսական մթերքների արտահանման նվազման ազդեցությամբ։
- Հուլիսին բյուջեում գրանցվեց գնահատված տարեկան ՀՆԱ-ի 0.3 տոկոսի չափով պակասուրդ, իսկ աճողական արտահայտությամբ այն մնում է հավելուրդային։
Տնտեսական ակտիվությունը հուլիսին դանդաղեց՝ հունիսի 7․4 տոկոսից կազմելով 6․5 տոկոս (տ/տ՝ տվյալ ժամանակահատվածը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ), սակայն տարեսկզբից մինչ օրս աճողական կտրվածքով բարձր աճը պահպանվում է։ Շինարարությունը և ոչ առևտրային ծառայությունները մնում են աճի հիմնական շարժիչը՝ ընդլայնվելով համապատասխանաբար 26.5 և 17 տոկոսով (տ/տ)։ Շինարարության աճն ուղեկցվել է անշարժ գույքի աճի տեմպի արագացմամբ․ Երևանում հուլիսին գրեթե կրկնապատկվել են բնակարանների գործարքները, քաղաքի կենտրոնում գները բարձրացել են 12․7 տոկոսով (տ/տ)՝ սնուցվելով ռուսաստանցիների և հայկական սփյուռքից նոր ներհոսքով պայմանավորված պահանջարկով։ Բիզնեսի գրանցումները ևս հուլիսին 29 տոկոսով (տ/տ) ավելացել են՝ 45․7 տոկոսով (տ/տ) ՍՊԸ-ների գրանցման աճի հաշվին։ Արդյունաբերական թողարկման աճը համեստ էր (3.1 տոկոս, տ/տ), քանի որ հանքարդյունաբերության (14.4 տոկոս, տ/տ) և մշակող արդյունաբերության (5.9 տոկոս, տ/տ) բարձր աճը հիմնականում չեզոքացել է էլեկտրաէներգիայի և էներգետիկայի 24․5 տոկոս (տ/տ) կրճատմամբ՝ պայմանավորված պլանային սպասարկման համար Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) աշխատանքի ժամանակավոր դադարեցմամբ։ Աճողական կտրվածքով տնտեսական ակտիվությունը 2026 թվականի հունվարից հուլիսն ընկած ժամանակահատվածում աճել է 7.7 տոկոսով (տ/տ)՝ գերազանցելով սկզբնական կանխատեսումները։
Օգոստոսին գնաճն աննշան նվազեց հուլիսի 4․5 տոկոսի համեմատ՝ կազմելով 4․4 տոկոս (տ/տ)։ Գնաճի 57 տոկոսը բացատրվում է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներով՝ չնայած աճի տեպի դանդաղմանը հունիսի 8․6 տոկոսից օգոստոսին մինչև 6․4 տոկոս։ Բնականոն գնաճը մոտ է ընդհանուր գնաճի ցուցանիշին՝ արտացոլելով ներքին բարձր պահանջարկը և թողարկման ճեղքի նվազումը։ Օգոստոսի 4-ի իր նիստի ժամանակ ՀՀ կենտրոնական բանկը որոշեց վերաֆինանսավորման (քաղաքականության) տոկոսադրույքն անփոփոխ՝ 6․5 տոկոս պահել, հավատարիմ մնալով 3 տոկոս գնաճի թիրախին։
Հուլիսին արտահանումը կրճատվեց 15․7 տոկոսով (տ/տ), իսկ ներմուծումն աճեց 21.5 տոկոսով (տ/տ)։ Արտահանման անկումը պայմանավորված էր թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի 66.2 տոկոսով նվազմամբ (տ/տ)․ վերաարտահանման այս ապրանքախումբը հաշվի չառնելու դեպքում, արտահանման աճը կազմել է 6․8 տոկոս (տ/տ)՝ պայմանավորված հանքանյութերով (աճը 59․1 տոկոս՝ ցածր մակարդակից)։ Գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը կտրուկ նվազեց՝ բուսական արտաադրանքը 52․2 տոկոսով, իսկ գյուղմթերքը՝ 15․2 տոկոսով (երկուսն էլ՝ տ/տ)՝ պայմանավորված 2026 թվականի ապրիլից Ռուսաստանի կողմից Հայաստանի ագրոպարենային ներմուծումների սահմանափակումների խստացմամբ՝ հունիսի 12-ից արգելելով կարանտինային արտադրանքը (շուրջ 130 անուն ԵԱՏՄ ապրանքներ՝ թարմ մրգերը և ծաղիկները ներառյալ) և հունիսի 26-ից ձկնամթերքը։ Ներմուծման աճը պայմանավորված էր մեքենա-սարքավորումների ներմուծման կրկնապատկմամբ և հանքանյութերի ցուցանիշի 61.2 տոկոս աճով (տ/տ)։ Հունվարից հուլիսի ընթացքում արտահանումը նվազեց 7․9 տոկոսով, իսկ ներմուծումն աճեց 7.7 տոկոսով (երկուսն էլ՝ տ/տ)՝ առևտրային պակասուրդն ընդլայնելով մինչև գնահատված տարեկան ՀՆԱ-ի 10 տոկոսը, մասամբ չեզոքանալով ծառայությունների և եկամուտների հաշիվների հաշվին։ Նույն ժամանակահատվածում զբոսաշրջիկների ժամանումները (հիմնականում Ռուսաստանից) աճեցին 6 տոկոսով (տ/տ)։
Հուլիսին զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումների ցուցանիշը 40 տոկոսով բարձրացավ (տ/տ)՝ ցածր մակարդակից, հիմնականում պայմանավորված Ռուսաստանից շարունակվող ներհոսքով (աճը 37.3 տոկոս, տ/տ), ինչպես նաև դեպի Հայաստսան ռուսաստանցիների կայուն հոսքով։ Այս բարձր ներհոսքերը նպաստեցին դրամի արժևորմանը։ Օգոստոսին ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ ուժեղացավ 0․4 տոկոսով (ա/ա) և 1.1 տոկոսով եվրոյի նկատմամբ (ա/ա) և 2025 թվականի օգոստոսի համեմատ 4․6 տոկոսով ավելի ուժեղ է ԱՄՆ դոլարից՝ չնայած ռուսական ռուբլու նկատմամբ 8․6 տոկոսով արժեզրկմանը (տ/տ)։ Դրամական փոխանցումների և կապիտալի զգալի ներհոսքի շնորհիվ համախառն պահուստներն օգոստոսին ավելացան հասնելով ռեկորդային՝ 6․5 միլիարդ դոլարի, որը համարժեք է 4․3 ամսվա ներմուծման ծածկույթի։
Ֆինանսական համակարգի ցուցանիշներն առողջ են։ Կապիտալի համարժեքության ցուցանիշը հուլիսին մնացել է անփոփոխ՝ 20․4 տոկոս, իսկ չաշխատող վարկերը (NPLs)՝ կայուն՝ 1․4 տոկոս։ Առևտրային բանկերի ավանդները աճել են 2․7 տոկոսով (ա/ա), իսկ վարկերը՝ 1․4 տոկոսով (ա/ա), վարկերի և ավանդաների 1․07 հարաբերակցությամբ։
Հուլիսին բյուջեում գրանցվեց գնահատված տարեկան ՀՆԱ-ի 0․3 տոկոսի չափով պակասուրդ։ Եկամուտներն աճեցին 16․3 տոկոսով (տ/տ)՝ հարկային բարձր կատարողականի շնորհիվ։ ԱԱՀ և եկամտային հարկերից յուրաքանչյուրն աճեց 16 տոկոսով (տ/տ), որոնց միասին բաժին ընկավ եկամուտների աճի գրեթե երկու երրորդը։
Ընդհանուր ծախսերն ավելացան 20․1 տոկոսով (տ/տ), ամբողջությամբ ընթացիկ ծախսերի հաշվին (աճը 23․1 տոկոս), որը պայմանավորված էր սոցիալական ծախսերի, (ներառյալ առողջապահության ծախսերի), 34.5 տոկոսով կտրուկ աճով։ Կապիտալ ծախսերը կրճատվեցին 8․9 տոկոսով (տ/տ)՝ հիմնականում պայմանավորված 12․1 տոկոսով (տ/տ) պաշտպանության ծախսերի նվազմամբ։ ԱՃողական կտրվածքով, հուլիսը ներառյալ, կապիտալ ծախսերը հասան տարեկան բյուջեի ծրագրի սոսկ 33 տոկոսին՝ վկայելով հանրային ներդրումներում զգալի ձգձգումների մասին։ Առողջապահական ծախսերը շարունակեցին կտրուկ աճել՝ հուլիսին բարձրանալով 76.1 տոկոսով (տ/տ) առողջապահության պետական ապահովագրության համակարգի ներքո, ընդ որում առողջապահության աճողական ծախսերը հուլիսի վերջին հասան տարեկան ծրագրի 82 տոկոսին՝ մատնանշելով լրացուցիչ ֆինանսավորման կարիքների մասին։ Աճողական (հունվար-հուլիս) բյուջեն մնում է հավելուրդային՝ կազմելով ՀՆԱ-ի 0.3 տոկոսը, ինչը զգալի տարբերություն ունի տարվա կտրվածքով ծրագրված՝ ՀՆԱ-ի 4․3 տոկոս պակասուրդից։ Կառավարության պարտքը հուլիսին կազմել է ՀՆԱ-ի 41.3 տոկոսը և սպասվում է, որ մինչև տարեվերջ կավելանա։
Գծապատկեր 1. Հուլիսին տնտեսական ակտիվությունը դանդաղեց՝ կազմելով 6․5 տոկոս
(Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշ, տ/տ փոփոխություն, %)

Աղբյուրը՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե։
Գծապատկեր 2. Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումները հուլիսին կտրուկ աճեցին (տ/տ)
(հազար ԱՄՆ դոլար)

Աղբյուրը՝ ՀՀ ԿԲ։
Գծապատկեր 3. Գնաճն աննշան նվազեց՝ հուլիսին կազմելով 4.4 տոկոս, պայմանավորված սննդամթերքի գների աճի տեմպի դանդաղմամբ
(ՍԳԻ գնաճ, տ/տ փոփոխություն, %)

Աղբյուրը՝ ՀՀ ԿԲ։
Գծապատկեր 4. Արտահանումը հուլիսին կրճատվեց, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի և գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը նվազեց, իսկ հանքանյութերինը՝ աճեց
(միլիարդ ԱՄՆ դոլար)

Աղբյուրը՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե։
Գծապատկեր 5. Երևանի անշարժ գույքի շուկայում աճը վերջին ամիսներին արագացել է
(բնակարանների թիվը) (հազար ՀՀ դրամ)

Աղբյուրը՝ ՀՀ ԿԲ։
Գծապատկեր 6.Հունվար-հուլիս ամիսներին գրանցվեց գնահատված տարեկան ՀՆԱ-ի 0․3 տոկոսին համարժեք հավելուրդ
(միլիարդ ՀՀ դրամ)

Աղբյուրը՝ ՀՀ ֆինանսների նախարարություն։
