Ասիան հայտնվել է ռիսկային գոտում՝ սաուդյան նավթի մատակարարումների անորոշության պատճառով
Ասիական նավթավերամշակող ընկերությունները դեռևս չգիտեն, թե Սաուդյան Արաբիայի՝ դեպի Կարմիր ծով ձգվող առանցքային «Արևելք–Արևմուտք» նավթամուղի աշխատանքի դադարեցումն ինչպես կանդրադառնա Յանբու նավահանգստում նավթի բեռնման վրա։
Սաուդյան Արաբիան ստիպված է եղել ժամանակավորապես դադարեցնել նավթամուղի աշխատանքը Իրանի հետ սահմանի մոտ՝ Իրաքի տարածքից արձակված անօդաչու թռչող սարքերի հարձակումներից հետո։ Աշխարհի խոշորագույն նավթ արտահանող երկիրը հայտարարել է, որ քայլը կանխարգելիչ բնույթ ունի։
OilPrice.com-ի գնահատմամբ՝ նավթամուղի դադարեցումը լուրջ ռիսկ է ստեղծում Յանբուի միջոցով օրական շուրջ 4 մլն բարել սաուդյան նավթի մատակարարումների համար։
Ասիական նավթավերամշակողները վերջերս արդեն ստիպված էին անցնել ավելի երկար երթուղիների, ինչի հետևանքով ավելացել էին սաուդյան նավթի մատակարարման ժամկետները։ Պատճառը Կարմիր ծովի հարավային հատվածում և Բաբ էլ Մանդեբի նեղուցի շրջանում հութիների սպառնալիքն էր։
Այժմ ռիսկի տակ կարող են հայտնվել նաև Յանբուից մատակարարումները։ Ասիական նավթավերամշակող ընկերությունները Սաուդյան Արաբիայից պարզաբանում են խնդրել նավթի բեռնման ժամանակացույցի հնարավոր փոփոխությունների վերաբերյալ։
Թրեյդերների խոսքով՝ առնվազն չորս ասիական նավթավերամշակող ընկերություններ դեռևս պարզաբանում չեն ստացել։ Դրանցից երկուսն ակնկալում են Յանբուում իրենց նավթային խմբաքանակները ստանալ ըստ ժամանակացույցի, եթե մատակարարումների ուշացումների մասին նոր տեղեկություն չստացվի։
Միաժամանակ շուկան արդեն սկսել է գներում ներառել Մերձավոր Արևելքից նավթի մատակարարումների խափանումների աճող ռիսկը։ OilPrice.com-ի տվյալներով՝ ասիական առևտրի ընթացքում Brent տեսակի նավթի գինը բարձրացել է մինչև մեկ բարելի դիմաց 108 դոլար։
