Կանադայի դաշինքի առաջարկի նկատմամբ ԵՄ երկրները թերահավատ են
ԵՄ մի շարք երկրների իշխանություններ առանց ոգևորության են ընդունել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի առաջարկը՝ Կանադայի և ԵՄ-ի միջև «աննախադեպ դաշինք» ձևավորելու վերաբերյալ, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով աղբյուրներ։
ԵՄ-ում կարծում են, որ դրա փոխարեն Օտտավան պետք է ավելի լավ կատարի կողմերի միջև արդեն գործող համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները։ Միաժամանակ Եվրամիությունում կա համաձայնություն Կանադայի հետ պաշտպանության և հանքարդյունաբերության ոլորտներում գործընկերությունը զարգացնելու անհրաժեշտության վերաբերյալ։
«Բոլոր երկրների շարքում Կանադան այն եզակի երկրներից մեկն է, որի հետ մենք այժմ կցանկանայինք ավելի սերտ հարաբերություններ հաստատել։ Բայց նույնիսկ կանադացիների հարցում բոլորս պետք է զգուշավոր լինենք, երբ խոսքը վերաբերում է շուկա մուտք գործելուն և արտոնություններին», – նշել է դիվանագետներից մեկը։
Մեկ այլ դիվանագետ հայտարարել է, որ ԵՄ որոշ երկրներ մտահոգված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր արձագանքով՝ ԵՄ-ի և Կանադայի միջև կապերի ընդլայնման վերաբերյալ։ Դա հատկապես անհանգստացնում է այն երկրներին, որոնք ստիպված են ապավինել ՆԱՏՕ-ի պաշտպանությանը, օրինակ՝ Բալթյան երկրներին։
