ԱՄՆ վարչակազմը դիզելային վառելիքի արտահանման 90-օրյա արգելքի ծրագիր է մշակում
Սպիտակ տունը մշակում է դիզելային վառելիքի արտահանման 90-օրյա արգելք սահմանելու ծրագիր՝ էներգակիրների գները նվազեցնելու նպատակով՝ ԱՄՆ Կոնգրեսի նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունների նախաշեմին, հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով աղբյուրներ։
«Թրամփի վարչակազմը պատրաստում է դիզելային վառելիքի արտահանման 90-օրյա արգելքի ծրագիր՝ չնայած հենց վարչակազմի ներսում և նավթային ոլորտի հետ առկա տարաձայնություններին։ Նպատակն է նվազեցնել էներգակիրների գները, որոնք հանրապետականների համար խնդիր են դարձել միջանկյալ ընտրությունների նախաշեմին», – հայտնում է պարբերականը։
Պարբերականն ընդգծում է, որ արգելքի սահմանման հնարավորությունը դեռևս իրավական տեսանկյունից ուսումնասիրվում է։
Այնուամենայնիվ, աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է այս միջոցի կիրառման մասին հայտարարել արդեն ընթացիկ շաբաթվա վերջին։
Սա կարող է դառնալ էներգակիրների արտահանման առաջին սահմանափակումn այն պահից ի վեր, երբ 2015 թվականին նախագահ Բարաք Օբաման չեղարկեց տասնամյակներ շարունակ գործող նավթի արտահանման արգելքը։
Politico-ի տվյալներով՝ նավթային ոլորտի ներկայացուցիչները դեմ են դիզելային վառելիքի արտահանման 90-օրյա արգելքին՝ նախազգուշացնելով, որ կարճաժամկետ օգուտը հետագայում կզիջի վառելիքի ավելի բարձր գների հետևանքով առաջացող վնասներին։ Արգելքին դեմ են նաև էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը և ներքին գործերի նախարար Դագ Բերգումը։
